Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
12-ամյա Ալեքսանդր Սահակյանը ցույց է տալիս հոր` ռազմական օդաչու Սերգեյ Սահակյանի հետ պատրաստած ուղղաթիռների փոքր մոդելները: Ալեքսանդրը հոր գործը շարունակողն է լինելու` ցանկանում է ռազմական օդաչու դառնալ:
Ալեքսանդրի երկվորյակ եղբայրը` Արթուրը, իրավաբան է դառնալու, ասում է` օրենքներն ու ճիշտը պաշտպանող մարդ:
Տղաները հիշում են` ինչպես էր հայրը կատակներ անում, հետո ասում, որ «սրտներին մոտ չընդունեն», մեկ-մեկ էլ բարկանում էր: Հարցնում ենք` ամենաշատը ո՞ւմ վրա, մատնացույց են անում 2.5 տարեկան Խաչատուրին:
Մեծ տղաները հոր հետ մեկ անգամ ուղղաթիռով զբոսնել են: Խաչիկին ու կնոջը երբեք չի բարձրացրել երկինք: «Չգիտեմ, ինձ ասում էր` ընտանիքից երկու հոգի ուղղաթիռի մեջ չի լինում: Խաչիկին տանում էր աշխատանքի, տղաներով, ընկերներով մինչև երեկո` տուն գալը, պահում էին»,- պատմում է Սերգեյի կինը` Քրիստինե Սահակյանը: Նա խոստովանում է, որ խանդում էր օդին ու օդանավերին, իսկ Սերգեյը երբեք խանդոտ չի եղել. «Շատ լավ ամուսին էր, շատ լավ հայր: Շատ էր սիրում իր տղաներին, հպարտանում էր տղաներով: Մենք էլ միշտ իրենով ենք հպարտացել ու շարունակելու ենք հպարտանալ: ...Ծանոթացել ենք 1998 թվականին` նրա քույրիկի Տրնդեզի ժամանակ: Մեկ-երկու տարի ընկերություն ենք արել, հետո ամուսնացել ենք: Տարիները միշտ էլ քաղցր են եղել մեզ համար, էդպես օր չի եղել, որ … Չգիտեմ…»:
Քրիստինեն հիշում է, թե ինչպես է Սերգեյն աշխարհով մեկ եղել, երբ իմացել են, որ երկվորյակ տղա են ունենալու. «Ասացի` Սերյո\'գ, զույգ տղաներ ենք ունենալու, շատ ուրախացավ, եկանք տուն, սկսեց բոլորին զանգել, ասել: Հետո աղջիկ էինք ուզում ունենալ, էլի տղա եղավ, ուրախացավ, ասաց` մեծացնելու էի, տայի ուրիշին»:
Կինն ու երեխաները խնամքով ցույց են տալիս Սերգեյի` զինվորական ծառայության ժամանակ ստացած պատվոգրերն ու շքանշանները, լուսանկարները:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին ԼՂՀ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածի օդային տարածքում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել էր ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը, ինչի հետևանքով զոհվեցին անձնակազմի ղեկավար, մայոր` 38-ամյա Սերգեյ Սահակյանը, լեյտենանտ Ազատ Սահակյանը և կողային տեխնիկ Սարգիս Նազարյանը:
Մանրամասները դիտեք yerkir.am-ի տեսանյութում:
Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Աստղիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ