կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-16 10:34
Սպորտ

Պատանի ըմբիշները Վլադիկավկազից վերադարձան 2 մեդալով

Պատանի ըմբիշները Վլադիկավկազից վերադարձան 2 մեդալով

2015 թվականի աշխարհի ու Եվրոպայի պատանեկան առաջնություններին նախապատրաստվող ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը օրերս, ընտրանու գլխավոր մարզիչ Արշակ Հայրապետյանի գլխավորությամբ, մասնակցեց Վլադիկավկազում կայացած ազատ ոճի ըմբշամարտի Խորհրդային Միության առաջին աշխարհի չեմպիոն Ալիմբեկ Բեստաևի հուշամրցաշարին: Ինչպես նշեց հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Հայրապետյանը, տղաները, ընդհանուր առմամբ, վատ հանդես չեն եկել: Նրանցից երկուսին էլ հաջողվել է բարձրանալ պատվո պատվանդան: Բրոնզե մեդալների են արժանացել 46 կգ քաշային Արսեն Հարությունյանն ու 50 կգ քաշային Հովհաննես Վարդանյանը: 

 

«Այս հուշամրցաշարով մենք սկսեցինք 2015 թվականի աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների նախապատրաստական փուլը: Վլադիկավկազի մրցաշարում, որտեղ հավաքվել էին Ռուսաստանի բոլոր մարզերի ուժեղագույն մարզիկներն ու ԱՊՀ մի շարք հանրապետությունների ըմբիշներ, մենք հանդես եկանք գրեթե ամբողջական կազմով: Իսկ հավաքականի մյուս թեկնածուներն էլ մոտ օրերս ուժերը կփորձարկեն Մախաչկալայում»,- հավաքականի գլխավոր մարզչի խոսքերն է մեջբերում Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի պաշտոնական կայքը: