կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-13 11:30
Մշակույթ

Մեներգիչների 6-րդ մրցույթի գալա համերգը՝ նվիրված Գոհար Գասպարյանի 90-ամյակին

Մեներգիչների 6-րդ մրցույթի գալա համերգը՝ նվիրված Գոհար Գասպարյանի 90-ամյակին

Դեկտեմբերի 14-ին` Գոհար Գասպարյանի ծննդյան օրը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա մեներգիչների հանրապետական 6-րդ մրցույթի գալա համերգը՝ նվիրված երգչուհու ծննդյան 90-ամյակին:

 

Մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել հանրապետության երաժշտական, արվեստի քոլեջների, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներ, ասպիրանտներ, ինչպես նաև Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդ արտիստներ՝ 52 արհեստավարժ երգիչ-երգչուհիներ: Վիճակահանությանը և 1-ին փուլին մասնակցել է 46 մեներգիչ, որոնցից 22-ն անցել են 2-րդ փուլ, իսկ 13-ը՝ 3-րդ փուլ:

 

Մրցույթի ժյուրիի միաձայն որոշմամբ 1-ին կարգի մրցանակ /կանանց և տղամարդկանց ձայներ/ չի շնորհվել: 2-րդ կարգի մրցանակի արժանացել են` կանացի ձայներ` Աշուրյան Տաթևիկը, Սաֆարյան Քրիստինեն, տղամարդկանց ձայներ` Թոնգուրյան Հայկը, Մալխասյան Անդրանիկը: 3-րդ կարգի մրցանակի արժանացել են` կանացի ձայներ՝ Մարտիրոսյան Մարիաննան, Խաչատրյան Արմինեն, տղամարդկանց ձայներ` Վարդանյան Գագիկը, Սարգսյան Կիմը: Հատուկ մրցանակների են արժանացել` ամենաերիտասարդ մասնակիցը` Գրիգորյան Նունեն «Հույսի մրցանակ» և Գ. Գասպարյանի երգացանկից «Լավագույն կատարման համար»՝ Նաջարյան Ալվինան:

 

Դեկտեմբերի 14-ին Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում երգչուհու շիրիմին կայցելեն մտավորականներ, երաժշտասեր հասարակայնություն՝ հարգանքի տուրք մատուցելու և խնկարկելու նրա հիշատակը: