կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2014-12-05 13:06
Քաղաքական

Այս փուլը պետք է հաղթահարել, շտկել սխալներն ու առաջ գնալ. Արմեն Ռուստամյան

Այս փուլը պետք է հաղթահարել, շտկել սխալներն ու առաջ գնալ. Արմեն Ռուստամյան

Այսօր` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, խոսելով ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի մասին, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ Դաշնակցությունը կողմ է քվեարկել այդ պայմանագրին, քանի որ համարում է, որ ստեղծված իրավիճակում` այլընտրանքի բացակայության պայմաններում, Հայաստանը պետք է կարողանա ժամանակ շահել ու, շտկելով իր սխալները, անցնել առաջ:

 

Ըստ նրա` լինում են փորձություններ, որոնք պետք է կարողանալ հաղթահարել: Ստեղծած իրավիճակում` ունենք Ղարաբաղի խնդիր, պատերազմական վտանգ, բացի այդ` աշխարհը հայտնվել է աշխարհաքաղաքական նոր կատակլիզմների մեջ, մասնավորապես` սառը պատերազմի, երբ ընթանում է գերտերությունների պայքար` ազդեցության գոտիները բաժանելու համար, այլ բան չի մնում, քան կողմ լինել այդ ինտեգրմանը:

 

«Ինչպես ասում են` թնդանոթները որոտում են, մուսաները լռում են: Սա հենց այդ դեպքն է, երբ պետք է սթափ գնահատել իրավիճակը և չտրվել լիրիկական զեղումների: Հասկանում եմ իմ գործընկերներին, որոնք ունեին մտահգություններ, բայց չեմ կարող ընդունել, որ դասեր են տալիս, այն էլ` Դաշնակցությանը, որն անցել է բազմաթիվ աշխարհաքաղաքական փոփոխությունների վայրիվերումներով ու տեսել է դրա հետևանքները: Հայտարարությունն արել եմ` այդ փորձն ունենալով»,- ասաց պատգամավորը:

 

Շարունակելով հիմնավորել Դաշնակցության տեսակետները` Արմեն Ռուստամյանը շեշտեց, որ  առաջին հերթին կա ֆիզիկական գոյությունը պահելու խնդիր: Հայաստանն իրականում չկարողացավ եվրոպական գործընկերներին բացատրել, որ հարաբերական անդորրը պետք էր օգտագործել կայունության պակտ ստեղծելու համար, ինչին խոչընդոտում էին Ադրբեջանն ու Թուրքիան: «Ունենք այն, ինչ ունենք, և ֆիզիկական գոյության հարցը մեր գլխավոր հարցն է: Մի ասույթ կա` մեկն ասում է` պարտվեցինք, ու դրա համար հինգ պատճառ կար, առաջին պատճառը` որ փամփուշտ չունեինք, ասում են` դե մնացած պատճառները կարող ես չթվարկել: Հիմա մենք անվտանգությունը պրիմիտիվ չենք պատկերացնում, կա ռազմական, քաղաքական, տնտեսական, հոգևոր ու տեղեկատվական անվտանգություն, դրանցում կա գլխավոր ու երկրորդական անվտանգություն: Եթե ֆիզիկական գոյությունդ չկարողանաս ապահովել` ի՞նչ տնտեսական կամ այլ անվտանգության մասին է խոսքը: Հարցը այն է, որ պիտի տեսակը պահել, ժամանակ շահել, որ շտկենք մեր արած սխալները: Ժամանակը արդյունավետ չենք օգտագործել, այս փուլն այսօր պետք է հաղթահարել»,- ասաց Արմեն Ռուստամյանը: