կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2014-10-24 14:50
Իրավական

Ֆինանսների նախկին նախարարը հավանական է` կրկին կանչվի դատարան

Ֆինանսների նախկին նախարարը հավանական է` կրկին կանչվի դատարան

Իտալահայ բիզնեսմեն և կառավարության իրավաբանական վարչության պետ ներկայանալով` առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակության մեջ մեղադրվող` 35-ամյա Արթուր Սարգսյանի գործով դատավարությունը շարունակվում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:  

 

Ամբաստանյալի հարցաքննությունը դեռևս չի ավարտվել, սակայն այսօրվա դատական նիստը հետաձգվեց, քանի որ նրա պաշտպան` փաստաբան Հունան Բաբայանը չէր կարողացել դատարան ներկայանալ` մեկ այլ գործով քննչական գործողությունների էր մասնակցում:

 

Մինչ դատական նիստը հետաձգելու մասին որոշումը հրապարակելը դատարանը, դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ, հայտնեց, որ նախորդ նիստում դատարանը բավարարել է պաշտպան Հունան Բաբայանի միջնորդությունը` դատաձեռագրաբանական համալիր փորձաքննություն նշանակելու մասին:

 

Հիշեցնենք, որ ամբաստանյալն իր ցուցմունքներում հայտնել էր, որ տուժող Հակոբ Գրիգորյանից միայն 10 հազար և 3 հազար դոլար է վերցրել և հենց ինքն էլ ստորագրել է այդ երկու ստացականները, սակայն ոչ` գործում առկա մյուս երկու ստացականները, որոնք վերաբերում են 25 հազար և 47 հազար դոլար վերցնելուն: Վերջին երկուսում առկա ստորագրությունները շատ նման են իր ստորագրությանը, սակայն իր կողմից չեն արվել: 

 

Իսկ ավելի վաղ նրա պաշտպան Հունան Բաբայանը դատարանին հայտնել էր, թե գործում առկա դատաձեռագրաբանական փորձաքննության եզրակացությունը չի կարող պատշաճ ապացույց համարվել, քանի որ փորձաքննությունը կատարվել է անփույթ կերպով, և դրա օբյեկտիվությունը կասկածի տակ է դրվում:  

 

Դատավոր Ա. Վարդանյանը հայտնեց, որ այսօր դատարանի գրասենյակ մուտք է եղել դատաձեռագրաբանի միջնորդությունն այն մասին, որ անհրաժեշտ է ստացականների մասնակի վնասում կատարել` փորձաքննությունը կատարելու համար: Սակայն դատարանը միջնորդությունը թողեց առանց քննության, քանի որ դատարան չէր ներկայացնել տուժող Հակոբ Գրիգորյանը և միջնորդության վերաբերյալ չէր կարող հայտնել իր դիրքորոշումը:

 

Այսօր դատարան էր հրավիրվել նաև դատախազի միջնորդությամբ դատակոչված վկա Գեղամ Հարությունյանը, որի հարցաքննությունը, սակայն, տեղի կունենա մյուս դատական նիստում` նոյեմբերի 7-ին:

 

Հավանական է, որ դատարան կկանչվեն և հավելյալ կհարցաքննվեն արդեն իսկ հարցաքննված վկաներն ու տուժողները, այդ թվում` նաև ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը: