Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Վերնիսաժ»-ի մոտ մայիսի 17-ին կրակոցներ արձակելու առթիվ հարուցված քրեական գործով աշխատում են ոչ թե իրավաբաններ, այլ PR մենեջերներ: Այսպիսի կարծիք հայտնեց գործով մեղադրյալ Գոռ Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանը:
Նրա կարծիքով` իր պաշտպանյալի մեղադրանքը վերանայելու փոխարեն օրեր առաջ այն ավելի խստացնելը գալիս է վկայելու այն մասին, որ պետությունը «ցույց է տալիս, թե որքան խիստ է»:
Իրականում, ըստ փաստաբանի, Գոռ Առաքելյանին առաջադրված մեղադրանքները սխալ են և ճիշտ չեն որակում նրա կողմից կատարված արարքը: ՀՀ Քննչական կոմիտեն օրեր առաջ հայտարարեց, որ Գ. Առաքելյանին առաջադրվել է նաև նոր մեղադրանք` դիտավորությամբ այլ անձանց տարբեր մարմնական վնասվածքներ պատճառելու համար:
Փաստաբանի կարծիքով` աբսուրդ է նման որակումը, քանի որ վեճը ծագած է եղել Գոռ Առաքելյանի ու Ներսես Մելքոնյանի և Վալերի Հովհաննիսյանի միջև: Հետևաբար` այլ անձանց վնասելու դիտավորություն չէր կարող լինել:
Առհասարակ, ըստ Սարգսյանի, ի սկզբանե սխալ է եղել նաև առաջին մեղադրանքը` դիտավորությամբ սպանության փորձ կատարելը: Գործում առկա նյութերը վկայում են, որ Գոռ Առաքելյանը կրակել է գետնին, բոլոր տուժածների մոտ վերքերը ոտքերի ու որովայնի շրջանում են: «Եթե դիտավորությամբ սպանել ցանկանար, ապա կկրակեր ոչ թե ներքև, այլ մարդու կենսական օրգաններին»,- ասում է նա:
Երեմ Սարգսյանը նշեց նաև, որ սպանության փորձի դեպքում անհրաժեշտ պայման է այն, որ անձը հանցագործությունն ավարտին չի հասցրել ` իր կամքից անկախ պատճառներով: Այնինչ` Գոռ Առաքելյանի ձեռքին եղած զենքի փամփուշտները վերջացած չեն եղել, և նա կարող էր շարունակել կրակոցները, ինչը չի արել:
Փաստաբանի խոսքով` բոլոր այս հանգամանքները վկայում են այն մասին, որ Գոռը գործել է` անհրաժեշտ պաշտպանության վիճակից ելնելով:
Երեմ Սարգսյանը նշեց նաև, որ նախաքննական մարմինն անտեսել է հոգեկան վիճակի հետ կապված մի շարք նրբություններ: Մասնավորապես` դատաբժշակական փորձաքննության եզրակցության մեջ նշվել է, որ, կոնկրետ իրավիճակի հետ կապված, Գոռի մոտ կա հիշողության մասնակի կորուստ, ինչը վկայում է, որ նա գործել է աֆեկտի վիճակում: Փաստաբանի խոսքով` հենց սա է պատճառը, որ մինչ օրս իր պաշտպանյալն իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում չի հայտնել: