Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց կառավարությանը: Նա նախ նշեց, որ մի քաղաքացի իրեն անընդհատ անհանգստացնում է իր նամակներով ու զանգերով, որովհետև ունի փայլուն կենսագրություն և փորձառություն, բայց աշխատանք չունի:
«Ես կներկայացնեմ այդ քաղաքացու կենսագրությունը, գուցե ձեր կառավարությունում նրա համար աշխատանք կգտնվի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և սկսեց կարդալ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կենսագրությունը, նրա կատարած հանցանքները:
«Անունը Սուրիկ է, ունի 7 մլն դոլար քյաշ փող: Գուցե լավ գործ տաք նրան` նախարարի կամ փոխնախարարի, կամ էլ` մարզպետի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Հարցին փորձեց պատասխանել վարչապետ Հովիկ Աբրահամյանը` խնդրելով Նիկոլ Փաշինյանին ավելի հստակ ձևակերպել հարցը, որպեսզի ինքը կարողանա հստակ պատասխանել դրան:
Նիկոլ Փաշինյանը շարունակեց. «Հարցը Սուրիկի մասին է, ով ունի փայլուն աշխատանքային կենսագրություն: Ի դեպ, ռազմավարական քայլ եմ առաջարկում` կարելի է հանցագործներին ու կրիմինալին բարձր պաշտոններ տալ, գուցե դա նպաստի նրանց ուղղմանը»: Պատգամավորը նշեց, որ ոստիկանության կողմից տրամադրված փաստաթղթեր կան, համաձայն որոնց` Սուրիկ Խաչատրյանը երեք անգամ դատված է, բայց Սյունիքի մարզպետարանի պաշտոնական կայքում կարելի է կարդալ, որ Սուրիկ Խաչատրյանը գիտական աշխատանք ունի և ստացել է պատմա-փիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչում: «Գուցե ճի՞շտ մեթոդ ենք ընտրել ռեցիդիվիստից դոկտոր, պրոֆեսոր դառնալու գործում»,- հարցրեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ համաձայն չէ Նիկոլ Փաշինյանի հետ: «Ես եմ նրան նշանակել մարզպետի պաշտոնում` հաշվի առնելով Սուրիկ Խաչատրյանի փորձը և նրա` կազմակերպական աշխատանքների փորձ: Հույս ունեմ` լավ կաշխատի: Հաշվի եմ առել նաև սյունեցիների առաջարկը, որովհետև բազմաթիվ առաջարկներ եմ ստացել նրանցից: Այո, կան հակասական պատկերացումներ, կարծիքներ նրա մասին, բայց սյունեցիների մեծ մասը ցանկություն է հայտնել նրան տեսնել մարզպետի պաշտոնում: Ձեր բացասական տեսակետները ձեր կարծիքն են»,- ասաց վարչապետը: