Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2016-03-03 15:30
Քաղաքական

Յոլյանի բիզնեսներով զբաղվել է նրա տնտեսագետ կինը

Յոլյանի բիզնեսներով զբաղվել է նրա տնտեսագետ կինը

Այսօր` կառավարության նիստից հետո, լրագրողները էներգետիկայի ու բնական պաշարների նորանշանակ նախարար Լևոն Յոլյանին հարցրեցին, թե ի՞նչ խնդիրներ է փորձելու լուծել առաջին հերթին: Լևոն Յոլյանը նշեց, որ առաջիկայում խորանալու է ոլորտի խնդիրների մեջ, փորձելու է օպտիմալ լուծումներ գտնել:

«Ոլորտի հետ կապված` եկեք պայմանավորվենք` մի որոշ ժամանակ հետո միասին կզրուցենք: Խնդիրները բարդ են, լուրջ են, բայց այդ հարցերին պատասխանելու համար պետք է բավականին խորանալ, ուսումնասիրել, փորձել օպտիմալ լուծումներ գտնել: Ես խոսք եմ տվել, որ պետք է լինեմ հրապարակային, գործեմ թափանցիկ, պարզապես ամեն հարց իր ժամանակը պետք է ունենա»,- ասաց Լևոն Յոլյանը:

Նա չկարողացավ պատասխանել այն հարցին, թե իր նշանակման հիմքում ավելի շատ քաղաքակա՞ն բաղադրիչ կար, թե՞ տնտեսական:

Լրագրողների հարցին, թե ինչո՞վ է բացատրվում այն հանգամանքը, որ սահմանադրական փոփոխությունների «Այո»-ի շտաբի ներկայացուցիչները  սկսեցին բարձր պաշտոններ ստանալ, մասնավորապես` Հովհաննես Հովսեփյանը դարձավ ՊԵԿ նախագահ, իսկ Լևոն Յոլյանը, ով էներգետիկայի ոլորտի հետ մասնագիտական առնչություն չունի, նշանակվեց հենց այդ ոլորտի նախարար, նա պատասխանեց, որ ինքը  ընդգրկված է  եղել ոչ միայն «Այո»-ի շտաբի աշխատանքներում, այլև ԱԺ-ի ընտրությունների և նախագահի ընտրությունների աշխատանքներում:

Ինչ վերաբերում է կուսակցական չլինելու հանգամանքին, նորանշանակ նախարարն ասաց, որ, բացի Կոմունիսական կուսակցությունից, որևէ այլ կուսակցության անդամ չի եղել:

Հարցին, թե շախմատը կօգնի՞ իրեն պաշտոնավարման ընթացքում, նախարարը պատասխանեց, որ շախմատը ամբողջ կյանքի ընթացքում է օգնում, զարգացնում է մտածելակերպն ու վերլուծելու ունակությունը, և հուսով է, որ նախարարի պաշտոնում էլ կօգնի:

Լրագրողները խնդրեցին պարզաբանել` ի՞նչ է նշանակում նախարարի արտահայտած՝ «պրակտիկորեն բիզնես չունեմ» միտքը: Նախարարը պարզաբանեց, որ 1994-1998թթ. ինքը բնակվել է Մոսկվայում, բիզնեսով է զբաղվել, որից հետո ընտանիքով ներդրումներ են արել Հայաստանում: Ամիրյան 12-ում գտնվող առաջին խանութը՝ «Սամսունգ» ֆիրմային խանութը իրենն է եղել, այն մինչև վերջերս գործում էր: Եվ այդ խանութի գործով զբաղվել է նրա տնտեսագետ կինը: Խանութն աշխատել է մինչև 2006-ը, այդ ընթացքում եղել է 100 խոշոր հարկատուների ցուցակում, բայց վերջին տարիներին ինչ-ինչ խնդիրներ առաջացան, և խանութները փակվեցին: