կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-04 15:53
Իրավական

«Էս ինչ լավն ա ու էս հավի հետ» ռեպլիկը երիտասարդներին հասցրել է դատարանի դուռը

«Էս ինչ լավն ա ու էս հավի հետ» ռեպլիկը երիտասարդներին հասցրել է դատարանի դուռը

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում քննվում է դատական գործ «չեղած տեղից» առաջացած կոնֆլիկտի վերաբերյալ:

 

Համաձայն գործի նյութերի` 27-ամյա Արմենն իր կնոջ հետ Բաղրամյան փողոցով զբոսնելիս է եղել նախորդ տարվա փետրվարի 10-ին: Նրանց հանդիպակաց քայլել են երկու տղաներ` 24-ամյա Համլետն ու նրա ընկերը: Երբ հավասարվել են, Համլետը վիրավորական ռեպլիկ է նետել. «Էս ինչ լավն ա ու էս հավի հետ»:

 

Պատահածից մեկ ժամ անց նույն տեղում Արմենն իր երկու եղբայրների հետ վիճաբանել ու կռվել է Համլետի ու նրա ընկերոջ հետ: Իսկ ավելի ուշ` գիշերը ժամը 2-ի սահմաններում, Համլետը Արմենից վերժխնդիր լինելու համար չորս և ավելի անձանց հետ գնացել է Արմենենց տան մոտ ու սկսել հայոհյանքներ ու սպառնալիքներ հնչեցնել Արմենի ու նրա ընտանիքի անդամների հասցեին:

 

Արմենը տնից դուրս է եկել ու իր մոտ ապօրինի պահվող ատրճանակով մեկ անգամ օդ կրակել, երկրորդ անգամ` ասֆալտին, ինչի հետևանքով գնդակն անդրադարձ թռիչք է կատարել ու դիպել ավտոմեքենայի դռանն ու դրա հետևում գտնվող` Համլետի ընկերոջը` 20-ամյա Գագիկի դեմքին: Գագիկը ստացել է միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով:

 

Այժմ ամբաստանյալի աթոռին են Արմենը, Համլետն ու Գագիկը: Արմենին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 121-րդ հոդվածի առաջին մասով` առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը (պատիժը` 50-100 հազար դրամի տուգանք կամ առավելագույնը երկամսյա կալանք) և 235-րդ հոդվածի 1-ին մասով` ապօրինի կերպով զենք պահելը (պատիժը` կալանք` առավելագույնը երեք ամսով կամ ազատազրկում` առավելագույնը երեք տարով):

 

Վիրավորական ռեպլիկի հեղինակ Հալմետին և գիշերը հայհոյանքներ տեղացած Գագիկին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հակտանիշներով` մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով (պատիժը`տուգանք`200-500 հազար դրամի չափով կամ ազատազրկում` առավելագույնը 5 տարի ժամկետով):