կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-01 13:42
Իրավական

Ոստիկանության կոչը՝ ծնողներին, եւ պահանջը՝ վարորդներից

Ոստիկանության կոչը՝ ծնողներին, եւ պահանջը՝ վարորդներից

Գիտելիքի օրով սկսված ուսումնական տարին հաճելի հոգսերի հետ նաև նոր խնդիրներ է առաջադրում ինչպես քաղաքացիներին, այնպես էլ ոստիկանությանը:

 

Ոստիկանության պետի հրահանգով համապատասխան ստորաբաժանումներն առավոտից արդեն ուժեղացված ծառայություն են իրականացնում դպրոցամերձ տարածքներում, ոստիկանական վերակարգերը կազմակերպում են երեխաների անցումը հետիոտնային անցումներով, թարմացվել է փողոցների գծանշումն ու լուսացույցային համակարգը, ոստիկանության ծառայողները հանդիպումներ են ունեցել մանկավարժների և ծնողների հետ: Այս ամենի նպատակը մեկն է՝ բացառել երեխաների կյանքն ու առողջությունը վտանգող ցանկացած իրավիճակ: Արված է առավելագույնը, սակայն խնդիրը լիարժեք կատարելու համար անհրաժեշտ է ոստիկանության և հասարակության անվերապահ համագործակցությունը:

 

Ուստի ծնողներին կրկին կոչ ենք անում ուշադրության կենտրոնում պահել երեխաներին դպրոց գնալիս ու վերադարձին, կատարել երթևեկը կարգավորող ոստիկանների ցուցումները, երեխաներին բացատրել երթևեկության կանոնոները պահպանելու անհրաժեշտությունը: Վարորդներից պահանջում ենք բացառիկ ուշադիր ու զգոն լինել դպրոցների շրջակայքում, չգերազանցել սահմանված արագությունը, անհարկի կայանումով չխոչընդոտել երթևեկությունը:

 

Ուսուցիչներին հորդորում ենք երեխաներին պահել ուշադրության կենտրոնում նաև դասերից առաջ ու հետո, համագործակցել դպրոցական տեսուչների հետ՝ ուսումնական հաստատություններում անցանկալի երևույթները կանխելու համար: Երեխաների ապահովությունը բոլորիս նպատակն ու գործն է, ուստի, կրկին շնորհավորելով ուսումնական նոր տարվա առթիվ, բոլորին կոչում ենք համատեղ աշխատանքի՝ այդ խնդիրը կատարելու համար:

 

Երեխաների անվտանգության պահպանմանն ուղղված միջոցառումները շարունակական են լինելու: