կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-05-17 18:41
Քաղաքական

Բռնության որևէ դեպք չի կարող մնալ առանց քննության և առանց իրավական հետևանքի. վարչապետ

Բռնության որևէ դեպք չի կարող մնալ առանց քննության և առանց իրավական հետևանքի. վարչապետ

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է նաև քաղաքական պրոցեսների ընթացքում տեղի ունեցած հարձակումներին: 
«Մենք դեպքեր ենք ունեցել, որ մեքենաներ են ջարդվել ինչ-որ անձանց կողմից, ես ակնկալում եմ, որ շատ արագ այդ գործերը քննվեն, այդ հարձակումների հեղինակները պարզվեն», - ասել է կառավարության ղեկավարը՝ դիմելով ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին:

Կառավարության ղեկավարը նշել է, որ պետք է լուծել նաև տուժած քաղաքացիների հարցերը: «Նրանց ավտոմեքենաները ջարդվել են և պետք է հասկանալ, թե ինչպես ու ով է այդ պատասխանատվությունը կրելու: Բացի այդ, համապատասխան ընթացակարգերով պետք է այդ գործերը բացահայտվեն», - ասել է նա:

Անդրադառնալով Հերացի փողոցում տեղի ունեցած հայտնի միջադեպին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հիմա պարզվում է, որ գործ է հարուցվել ու արդյունքում կարճվել է: Կարծում եմ՝ մենք այս գործելակերպին ընդհանրապես պետք է վերջ տանք, երբ ինչ-որ արտոնյալ մարդկանց հանդիպելով՝ մենք ի սկզբանե ելնում ենք այն կանխավարկածից, որ այդ քրեական գործերը պետք է կարճվեն»

Վարչապետն ընդգծել է, որ խոսքն օրինականության հաստատման մասին է և այդ առումով ակնկալում է շատ հստակ ուղերձներ: «Ես ակնկալում եմ, որ ստուգվի կարճման որոշման օրինականությունը, որովհետև եթե այդ մասին մամուլի հրապարակումները համապատասխանում են իրականությանը, ապա ակնհայտ է, որ այդ կարճման որոշումն օրենքի հետ որևէ կապ չունի», - ասել է կառավարության ղեկավարը և հավելել. «Մեր սկզբունքը հետևյալն է՝ մեր երկրում բռնությունը որպես գործիք պետք է բացառվի: Բացառված է բռնության որևէ դեպք, որն ամբողջական ու մինչև վերջ քննության չարժանանա: Սա որպես սկզբունք եկեք արձանագրենք: Ինձ չի հետաքրքրում ով է բռնության հեղինակը և ով է բռնության զոհը: Այսինքն՝ տվյալ դեպքում ընդհանրապես որևէ կապ չունի քաղաքական որ թիմից է, որ ճամբարից է, որ կուսակցությունից է: Մենք պետք է ունենանք բռնությունից զերծ հանրություն: Բռնության որևէ դեպք չի կարող մնալ առանց քննության և իրավական հետևանքի, և ես կարծում եմ, որ սա շատ կարևոր խնդիր է»: Վարչապետը, դիմելով իրավապահ մարմիններին, նշել է, որ այդ հարցում ակնկալում է շատ կոնկրետ և արագ գործողություններ: