կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-21 14:37
Իրավական

Մանվել Գրիգորյանը քինախնդիր մարդ չէ, որ Դոն Պիպոյից քեն պահի. գեներալի խորհրդական

Մանվել Գրիգորյանը քինախնդիր մարդ չէ, որ Դոն Պիպոյից քեն պահի. գեներալի խորհրդական

Էջմիածնում հունիսի 18-ին հնչած կրակոցների փաստի վերաբերյալ մամուլում տարաբնույթ մեկնաբանություններ են հնչում: Մասնավորապես, կարծիքներ են հնչել, թե կատարվածը կապ ունի ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի որդու՝ Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի մարզպետ դառնալու հավակնությունների հետ: Նշվում է, որ դա դուր չի եկել քրեական հեղինակություն Դոն Պիպոյին, ում բարեկամներն էլ եղել են միջադեպը հրահրողները: Նշվում է նաև, որ գեներալների մտերիմները, ի պատասխան իրենց զարմիկների նկատմամբ հնչած կրակոցների, կատարող կողմի հարազատներից մարդկանց են առևանգել: Այս հարցերի շուրջ shamshyan.com-ը զրուցեց ԵԿՄ նախագահ, գեներալ-լեյտենանտ, պատգամավոր Մանվել Գրիգորյանի խորհրդական, ԵԿՄ վարչության անդամ Վարդան Վարդանյանի հետ:

 

Դուք իսկապե՞ս գտել եք կրակոցների հեղինակներին:

 

Մամուլում տեղ գտած ձեր մատնանշած հրապարակումներն անհեթեթություն են: Նախ, մենք ապրում ենք իրավական պետությունում: Նման հարցերը իրավապահներին է հարկավոր ուղղել: Մենք իրավունք չունենք որոնել, գտնել, ինքնագործունեությամբ զբաղվել: Ինքնադաստանի մասին օրենքը նախնադարում էր գործում:

 

Իրականում կատարվածն էլ շատ լուրջ մի բան չի եղել: Առավել կարևոր խնդիրներ կան: Ես լրատվամիջոցների հարցումները փոխանցեցի գեներալին, նա նույնիսկ նեղացավ, թե՝ ա՛յ Վարդան ջան, ասենք՝ նրանք ախմախ են եղել, ես էլ հո դրանց խելքին չե՞մ: Կարևոր հարցեր ունենք, դարձյալ սահմանին 2 զոհ ենք ունեցել: Այս թեմաները թողած՝ ընկել, ինչ-որ ջահելների անխելք պահվածքի հարցերն եք օրերով քննարկում:

 

Որքանո՞վ են իրականությանը համապատասխանում այն լուրերը, որ հունիսի 18-ի միջադեպը գեներալ Մանվել Գրիգորյանի և Դոն Պիպոյի միջև վաղեմի թշնամության հետևանք է: Կրակողներն իսկապե՞ս Պիպոյի մտերիմներն են եղել:

 

Գեներալը քինախնդիր մարդ չէ, շատ մեծ կարևորություն չի տալիս կատարվածին: Թերևս իրավապահներից պետք է ճշտեք, թե ովքեր են եղել հանցագործները: Ինչ վերաբերում է թշնամանքին, ապա Մանվել Գրիգորյանը համարում է, որ ինքը հայ թշնամիներ չունի: Չկա Հայաստանում այնպիսի մարդ, չկա աշխարհում այնպիսի հայ, որ թշնամի է Մանվել Գրիգորյանին: ԵԿՄ վարչության նախագահը միշտ և ցանկացած առիթով նշել է, որ իր թշնամին թուրքն է: Հայերի նկատմամբ գեներալը մեծահոգի է և ներողամիտ:

 

Ձեր մատնանշած անձնավորության անունն էլ թերևս շրջանառում են «լվից ուղտ սարքելու» սիրահարները՝ կատարվածին արհեստականորեն հնչեղություն հաղորդելու համար: Մենք իսկապես չգիտենք և չենք էլ հետաքրքրվել, թե ով է եղել կրակողը: Դա իրավապահների պարտականությունն է: Հորինովի ենթադրություններ շրջանառելու փոխարեն թողեք, որ պրոֆեսիոնալներն իրենց գործն անեն:

 

Հարցազրույցն ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում