Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Վերնիսաժի» մոտ մայիսի 17-ին արձակված կրակոցների վերաբերյալ այսօր «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել է տեղեկություններ, թե դեպքի վայրում հայտնաբերվել է 13 փամփուշտ, որոնցից 8-ը արձակվել է Գոռ Առաքելյանի` ԱԺ պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի կողմից: Մյուս 5 փամփուշտների վերաբերյալ դեռևս տեղեկություններ չկան:
Yerkir.am-ի հետ զրույցում Գ. Առաքելյանի փաստաբան Երեմ Սարգսյանը նշեց, որ իրեն հայտնի չէ որևէ ինֆորմացիա այլ անձի կողմից կրակոցներ արձակելու մասին: «Ընդամենը լրատվական միջոցներից լսեցի, որ մի կին է ասել, թե երկկողմանի կրակոցներ են եղել»,- ասաց նա: Իսկ թե արդյո՞ք պաշտպանյալն իր հետ չի խոսել դրա մասին, Ե. Սարգսյանը պատասխանեց, որ պաշտպանյալի հետ խոսակցությունից ոչինչ ասել չի կարող:
Դեպքից արդեն մեկ ամիս է անցել, նախաքննությունը դեռևս շարունակվում է, իսկ գործով առանցքային վկա Վալերի Հովհաննիսյանը դեռևս չի հարցաքննվել:
Մեր հարցին, թե արդյո՞ք նախաքննության երկար տևելը կախված չէ այն հանգամանքից, որ Վալերին մինչ օրս հիվանդանոցում է, Ե. Սարգսյանը պատասխանեց, որ նրան նաև հիվանդանոցում կարող են հարցաքննել:
Ի դեպ, Վալերիի առողջական վիճակի մասին տեղեկությունները հակասական են: Մասնավորապես` նրա փաստաբան Լ. Բաղդասարյանն օրեր առաջ հայտնել էր, թե նա 2 րոպե խոսելուց հետո թուլանում է, պատրաստվում է երկրորդ վիրահատությանը, իսկ թիվ 1 համալսարանական կլինիկայից հայտնում են, թե առաջիկա օրերին դուրս կգրվի:
Երեմ Սարգսյանի խոսքով` նախաքննության` հնարավորինս շուտ ավարտվելը բխում է իր պաշտպանյալի շահերից, քանի որ բոլոր ապացույցների ձեռքբերումը բացահայտելու է օբյեկտիվ իրականությունը, և այդ դեպքում Գոռ Առաքելյանին առաջադրված մեղադրանքը պետք է փոխվի:
Հարցին, թե այս գործում Գոռի` պատգամավորի փեսա լինելն ի՞նչ ազդեցություն է թողնում, փաստաբանը պատասխանեց, որ մինչ այժմ դրական որևէ ազդեցություն չի ունեցել:
«Ավելի շատ վնասում է: Էն խոսակցությունները, թե` տեսեք, լավ են վերաբերվում... Բայց եթե լավ վերաբերվելը սպանության փորձի մեղադրանք առաջադրելն ու նրան կալանավորելն է… Ի՞նչ էր խանգարում, որ ի սկզբանե գոնե օբյեկտիվ մեղադրանք լիներ, եթե հայտնի է, որ կրակոցները եղել են գոտկատեղից ներքև, այսինքն` սպանության մասին խոսք լինել չէր կարող: Թող գոնե նախնական մեղադրանքը լիներ ծանր մարմնական վնասվածք հասցնելու վերաբերյալ»,- ասաց Երեմ Սարգսյանը: