կարևոր
2866 դիտում, 1 օր առաջ - 2025-03-31 17:20
Հասարակություն

Կրակոցները սովորականից շատ են եղել․ ադրբեջանցիները երկու օր ընդմիջումից հետո ավելի ինտենսիվ են կրակել Խնածախի ուղղությամբ

Կրակոցները սովորականից շատ են  եղել․ ադրբեջանցիները երկու օր ընդմիջումից հետո ավելի ինտենսիվ են կրակել Խնածախի ուղղությամբ

Երեկոյան ժամը 23։00-ից մինչև գիշերը ժամը 04։30-ի սահմաններում են կրակոցներ եղել։ Դրանք  սովորականից շատ էին։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է Խնածախ համայնքի նախկին ղեկավար Կարո Թավադյանը։

Լրատվամիջոցը մասնավորապես գրել է.

«Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ադրբեջանական ԶՈՒ-երը կեսգիշերին կրակոցներ են արձակել Սյունիքի մարզի Խնածախ գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակել տուն։ Պն-ից հայտնել են, որ տուժածներ չկան։

Խնածախի նախկին գյուղապետը դեռ չի հասցրել ծանոթանալ վնասներին։ Հարցին՝ մթնոլորտն ինչպես է գյուղում, Թավադյանը պատասխանեց՝ ցանկացած գիտակից մարդ, բնականաբար, կրակոցներից վախենում է, տղամարդկանց համար նորմալ է, բայց կանայք  և երեխաները վախենում են, կրակոցները շատ մոտ են, բայց խուճապ չկա։

Վերջին շրջանում կրակոցները Խնածախի ուղղությամբ շատացել է, մարտի 20-ից սկսել է, երկու օր ընդմիջում է եղել, սակայն այս գիշեր առավել ինտենսիվ է եղել։

Նախորդ օրերին շինություններ չեն վնասվել։
«Խաղաղություն կցանկանայի, որ կարողանանք ապրել՝ մենք էլ, դուք էլ։ Միայն Խնածախը չէ սահման, ամբողջ Հայաստանն է սահման»,- ամփոփելով զրույցն՝ ասաց Թավադյանը։

«Փաստինֆո»-ն դիմել է նաև ՀՀ գլխավոր դատախազությանը և ՀՀ ՔԿ-ին՝ պարզելու, թե արդյոք քրեական վարույթ նախաձեռնվել է՝ ադրբեջանական ԶՈՒ-երի կողմից ՀՀ սուվերեն տարածքի ուղղությամբ կրակելու, ՀՀ քաղաքացու գույքը վնասելու առնչությամբ, պատասխան ստանալուն պես այն ևս կներկայացնենք»։