կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-16 19:01
Քաղաքական

ՀՀԿ-ն դիմադրում է գազի հանձնաժողովում` չցանկանալով հրապարակել եզրակացությունը

ՀՀԿ-ն դիմադրում է գազի հանձնաժողովում` չցանկանալով հրապարակել եզրակացությունը

Այսօր Ազգային ժողովի ոչ իշխանական չորս ուժերի քննարկման օրակարգի երկրորդ կարևոր հարցն էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն էր, դրա շուրջ քառյակի միասնական դիրքորոշման ձևավորումը և համատեղ պայքարը:

 

«Միասնական անվիճարկելի կարծիք կա քառյակում, որ էլեկտրաէներգիայի գների բարձրացումը ոչնչով հիմնավորված չէ, որ դա ձախողված մենեջմենթի արդյունք է, և հիմա փորձում են այդ բեռը տեղափոխել քաղաքացիների ուսերին: Էլեկտրաէներգիայի սակագների բարձրացմանը դեմ ենք, և քառյակը հանդես է գալու համատեղ հայտարարությամբ»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

 

Նա նշեց, որ օրակարգի երրորդ կարևոր հարցը գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողովում ստեղծված իրավիճակն է եղել: Լևոն Զուրաբյանի խոսքով` գազի հանձնաժողովը մանդատ ուներ` ուսումնասիրելու օրակարգի բոլոր հարցերը` հունիսի վերջին միջանկյալ եզրակացությամբ հանդես գալու համար: Սակայն քաղաքական մեծամասնությունը սկսել է դիմադրել, որ չլինի հանձնաժողովի այդ եզրակացությունը, թեև արդեն ի հայտ են եկել լուրջ փաստեր, որոնք պետք է ներկայացնել ժողովրդին:

 

«Մշակել ենք համատեղ գործունեության ծրագիր, որ պետք է գազի հանձաժողովում քաղաքական մեծամասնությանը պարտադրենք, որ նրանք կատարեն ԱԺ որոշումը և հանդես գան միջանկյալ եզրակացությամբ: Եթե սա չհաջողվի, և մեծամասնությունը տապալի այդ եզրակացությունը, ուրեմն քառյակը հանդես կգա սեփական եզրակացությամբ ու կմտածի հետագա քայլերի մասին»,- ասաց Լևոն Զուրաբյանը: