Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր ՀՀ նախագահի ներկայացրածէ Եվրոպական ներդրումային բանկի և ՀՀ միջև ստորագրված` Հայաստանի Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի վերաբերյալ պայմանագիրը վավերացնելու մասին հարցը, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ կառավարության, մասնավորապես` տրանսպորտի նախարարության կողմից վավերացման է ներկայացվում երկու համաձայնագիր, որով Հայաստանը կրկին 200 միլիոն դոլար վարկային պարտավորություն է ստանձնում:
«Այդ առիթով շնորհավորում եմ Սերժ Սարգսյանին այդ վարկային համաձայնագրերի կապակցությամբ, որովհետև այն հոբելյանական է, պաշտոնական տվյալներով` պետական պարտքը գերազանցում է 4 միլիարդ դոլարը»,- ասաց պատգամավորը:
Նա նշեց, որ պատգամավոր դառնալուց ի վեր դեմ է քվեարկել կառավարության ստանձնած բոլոր վարկային պարտավորություններին, որովհետև եթե քաղաքական մակարդակում արձանագրվում է, որ գործ ունենք կոռումպացված իշխանության հետ, ապա այդ իշխանությունների կողմից վարկ վերցնելուն կողմ քվեարկելը կնշանակի կանաչ լույս վառել «ատկատների» համար:
Նիկոլ Փաշինյանի խոսքով` Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրման ծրագիրը հայտնվել է ներիշխանական խմբավորումների պայքարի կենտրոնում, և Գագիկ Բեգլարյանը, ստանձնելով տրանսպորտի նախարարի պաշտոնը, առաջին հնարավորության դեպքում պաշտոնանկ արեց Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի տնօրեն Արա Հովսեփյանին, ով Սերժ Սարգսյանի փեսայի քաղաքական խմբավորման անդամ է: Եվ այդ ներիշխանական խմբավորումը, ըստ Փաշինյանի, փորձում է ժամանակ առ ժամանակ հարվածներ հասցնել տրանսպորտի նախարարությանը` Հյուսիս-հարավ մայրուղու հետ կապված:
«Ուրեմն ինչո՞ւ են ներիշխանական խմբավորումները պայքարում այդ վարկային ծրագրերի համար: Որովհետև այդ վարկերը նույնպես օգտագործվում են ներիշխանական ինտիգների, ազդեցության ոլորտների, ընտրությունների արդյունքների կեղծման համար: Իսկ Սերժ Սարգսյան- Տիգրան Սարգսյան զույգի կառավարման տարիներին Հայաստանի արտաքին պարտքը եռապատկվել է, աղքատությունը աճել է 10 տոկոսով, իսկ ՀՀ բնակիչների թիվը նվազել է 200 հազարով: Ինչո՞ւ են ծախսվել վարկերը, եթե բոլոր ցուցանիշները վատացել են»,- հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանը`հավելելով, որ ՀՀ քաղաքացիներն են այդ պարտքը վճարում իրենց գրպաններից ու իրենց ապագայի հաշվին:
Նաև հարցն այն է, թե որքանո՞վ է «ՀՀ կառավարությունը իր ոտքն իր վերմակի գյորա մեկնում», որովհետև, ըստ պատգամավորի, կարելի է 20-30 միլիարդ վերցել, «որպեսզի ոսկեջրեն բորդյուրները»:
«Այսօրվա համաձայնագրերը գալիս են վկայելու, որ ինչպես Տիգրան Սարգսյան- Սերժ Սարգսյան զույգի ժամանակ էր, այնպես էլ Սերժ Սարգսյան- Հովիկ Աբրահամյան զույգի կառավարումն է լինելու «արդյունավետ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: