կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-06-07 12:59
Հասարակություն

Հակառակորդը մեքենայով է մոտեցել դիրքերին. ինչ է իրականում եղել Երասխի հենակետերում

Հակառակորդը մեքենայով է մոտեցել դիրքերին. ինչ է իրականում եղել Երասխի հենակետերում

Չնայած ադրբեջանական կողմի լռությանը` ամենայն հավանականությամբ, հակառակորդը նույնպես կորուստներ է ունեցել հունիսի 5-ին` Երասխ գյուղին հարող հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում միջադեպի օրը: Հիշեցնենք, որ այդ ժամանակ զոհվեցին երկու հայ պայմանագրային զինծառայողներ' Անդրանիկ Եղոյանն ու Բորիս Գասպարյանը:

 

Հակառակորդի կրակել սկսելուն պես մի շարք հետաքրքրված ու զինվորականներին միշտ օգնելու պատրաստ գյուղացիներ շտապել են հայկական հենակետերի ուղղությամբ: Նրանք Yerkir.am-ին մի քանի ուշագրավ մանրամասներ պատմեցին:

 

Ըստ ականատեսների` երբ տեւական ժամանակ հակառակորդը չի դադարեցնում դիպուկահար կրակոցները, հայ դիրքապահները սկսում են պատասխան կրակ բացել' հակառակորդին զսպելու համար:

 

Ականատես գյուղացիները պատմեցին նաեւ, որ հայ զինվորականները նկատել են, որ հայկական դիրքերից մոտ 300-350 մետր հեռու ամենագնաց է կայանված: Նկատել են նաեւ, որ հակառակորդի դիրքերի տարբեր հենակետերից դեպի ամենագնացն են շտապում դիպուկահարներ` 6-7 հոգի, շփման գծի այդ հատվածում երբեւիցե չտեսնված մարտական հանդերձանքներով:

 

Yerkir.am-ին պատմեցին նաեւ, որ երբ բոլոր դիպուկահարները տեղավորվում են ամենագնացի մեջ, հայկական դիրքերից ՊԿ տեսակի գնդացիրից ինտենսիվ կրակ է արձակվում դեպի ամենագնացը' մոտ 400 գնդակ: Մարդիկ տեսել են, որ ամենագնացից  ընդամենը 3 հոգի են արագ դուրս եկել. 2-ը սողալով հասցրել են թաքնվել մոտակա եղեգներումջ, իսկ մեկը ընկել ու մնացել է տեղում: Թեեւ հստակ պարզ չէ' նա զոհվե՞լ է, թե՞ ոչ, ամեն դեպքում` անշարժ է եղել: Դրանից հետո ամենագնացի մեջ կամ դրա շուրջը այլեւս ոչ մի  շարժում չի նկատվել: Քիչ հետո առաջին ամենագնացին է մոտեցել երկրորդը, որը քարշակով առաջինին դուրս է բերել այդ հատվածից:

 

Ըստ մասնավոր զրույցների ընթացքում լսած պատմությունների` հայկական դիրքապահների կողմից արձակված պատասխան կրակի արդյունքում, ամենայն հավանականությամբ, հակառակորդը նույնպես կորուստներ ունի, քանի որ ՊԿ-ով ընդամենը 300-350 մետր հեռավորության վրա միանգամից 400 գնդակ արձակելուց հետո դժվար է պատկերացնել, թե մեքենայի մեջ որեւէ մեկը ողջ մնացած լինի: Ամեն դեպքում, ականատեսների համոզմամբ, առնվազն մեկ զոհ ադրբեջանական կողմն ունի, եթե ոչ` 5:

 

Հակառակորդին կորուստներ պատճառելու մասին լուրը ճշտելու համար դիմեցինք պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանին: «Չեմ կարող ասել, նման ինֆորմացիա մենք չունենք: Ամեն դեպքում' մենք գիտենք, որ Ադրբեջանը երբեք չի հայտարարում իր զոհերի մասին, այլ զոհեր ունենալուց մի քանի օր հետո, անհեթեթ պատճառաբանություններ նշելով, իբր, օրինակ, ավտովթարից, հիվանդությունից եւ այլ նմանատիպ անհեթեթություններից զինվոր է մահացել, հայտնում է իր կորուստների մասին»,- նշեց նա եւ համոզմունք հայտնեց, որ եթե անգամ հակառակորդը զոհեր ունի, ինչպես պնդում են գյուղացիները, առաջիկա օրերին մենք հերթական անգամ ադրբեջանական կողմից  կլսենք  իբր այլ պայմաններում զոհվածների մասին: