Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ նիստում ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, դիմելով վարչապետին, ասաց, որ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ գործարարությունը հստակ պետք է տարանջատվի պետական համակարգից ու իշխանությունից, բայց թե' վարչապետը և նրա շրջապատը, թե' կառավարության շատ անդամներ` Գագիկ Խաչատրյանը և այլք, հայտարարագրել են միլիոնավոր դոլարներ, այն դեպքում, երբ ողջ այդ ժամանակահատվածում աշխատել են պետական հատվածում:
«Ո՞նց եք աշխատել այդ գումարները, եթե պետական պաշտոնին զուգահեռ եք աշխատել: Ուրեմն դա կոռուպցիա է»,- նշեց պատգամավորը:
Հովիկ Աբրահամյանը նշեց, որ նախ ցանկանում է կոչ անել թե' իր գործընկերներին, թե' հանրությանը` այդքան վատ չվերաբերվել գործարարությանը: «Գործարարների շնորհիվ է, որ դուք այստեղ նստած եք, աշխատում եք, աշխատավարձ եք ստանում, գործարարների շնորհիվ է, որ հարկեր են վճարվում, թոշակներ ու աշխատավարձեր են բարձրացվում, այդ հարկերի շնորհիվ էր, որ այս գեղեցիկ Ազգային ժողովի դահլիճն է կառուցվել, բազմաթիվ շատ գործեր են արվել, հիվանդանոցներ, ճանապարհներ են կառուցվել»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով` որոշ մարդկանց մոտ բնավորություն կամ սովորություն է դարձել, որ հանրության աչքում փորձում են գործարարներին «բոբոներ» դարձնել: Վարչապետը կոչ արեց գործարարներին հարգանքով վերաբերվել, հարգել նրանց վաստակը, որ զարգացնում են երկիրը:
«Ինչ վերաբերում է ինձ, ես երբեք չեմ թաքցրել, որ ունեմ բիզնես, դա հայտարարագրված է` օրենքի տառին համապատասխան: Ես հողագործությամբ եմ զբաղվել, ես այդ ամենը չեմ վաստակել պետական պաշտոնների հաշվին կամ կոռուպցիայի հաշվին»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:
Նիկոլ Փաշինյանը արձագանքեց. «Զարմանում եմ` ինչո՞ւ եք պաշտպանում գործարարներին ինձանից: Ես տվել եմ կառավարության երեք անդամի անուններ, չեմ հասկանում` Դուք գործարա՞ր եք, թե՞ պաշտոնյա: Ասում եք, որ հողագործությամբ եք զբաղվել, էդ ո՞նց է ամբողջ Հայաստանը հող է մշակում, գյուղացիները տոկոսների տակ են, բայց Դուք հող եք մշակում, բայց միլիոններ եք աշխատում: Ձևը ասեք, ինչ-որ հատուկ ձև կա՞: Սա իմ ձեռագիրը չէ, այլ պարտականությունը, բա հո չե՞նք եկել կոռումպացված կառավարությանը ժպտանք, անեկդոտ պատմենք ու գնանք»:
«Ասողին լսող է պետք: Ես խնդրում եմ Ձեզանից հանդարտություն, մի' լարվեք, Դուք պատկերացում չունեք, թե ինչ է գործարարությունը, Դուք չեք էլ կարող գործարարությամբ զբաղվել: Որ հող էլ տանք, Դուք չեք կարող մշակել: Այո, Դուք ուզում եք գործարարներին հանրության թշնամի դարձնել: Տակտ էլ չունեք, որ ինձ լսեք: Ուրիշի փողերը հաշվելը միշտ էլ ամենահեշտ բանն է»,- զայրացավ վարչապետը: