կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-20 14:52
Քաղաքական

Ես բիզնես չունեմ, որ հրաժարվեմ դրանից. Գագիկ Խաչատրյանը հպարտանում է «Յուքոմ»-ով

Ես բիզնես չունեմ, որ հրաժարվեմ դրանից. Գագիկ Խաչատրյանը հպարտանում է «Յուքոմ»-ով

«Ինչի՞ց հրաժարվեմ, ես բիզնես չունեմ, որ հրաժարվեմ», -այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ֆինանսների նորանշանակ նախարար Գագիկ Խաչատրյանը:

 

Նա հերքեց այն լուրերը, թե իրենն են «Յուքոմ», «Միցուբիշի», «Մեգասպորտ» ընկերությունները: «Դուք կարող եք կարդալ, որ համապատասխան ապացույցներով հիմնավորվել է, որ դրանք իմը չեն, դրանով զբաղվել է նաև Էթիկայի հանձնաժողովը: Ի՞նչի եք գերագնահատում իմ ուժերը»,- ի պատասխան, հարցրեց նա:

 

Հիշեցնենք, որ այսօր ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը նիստի ժամանակ խոսեց Գագիկ Խաչատրյանի բիզնեսների մասին: «Հիմա եթե Լևոն Զուրաբյանի նման քաղաքական ճանապարհ անցած գործիչը չի կարողանում ճշտել ու հավատում է լրատվամիջոցներին, որ սուտ լուրեր են տարածում, Արամ Մանուկյանի ներկայացրած հիսուներկու հոգուն Գագիկ Խաչատրյանը ո՞նց կկարողանա ապացուցել, որ չկա նման բան»,- նշեց նախարարը:

 

Նա հայտարարեց, որ հպարտանում է «Յուքոմ» ընկերությունով, քանի որ հարյուր տոկոսանոց մաքուր աշխատող ձեռնարկություն է: «Ես հակված եմ, որ ցանկացած մարդ, ով ունի բիզնես ծրագրեր, մենք չենք հետաքրքրվում՝ ումն է բիզնեսը, եթե հետաքրքրվենք, կիջնենք սուբյեկտիվ դաշտ ու չենք կարողանա այդ դեպքում ազատ աշխատել: Դրա համար էլ մեր ՀՆԱ-հարկերը բարձրացել են»,- նշեց նախարարը:

 

Դիտարկմանը, որ մյուս նախարարների բիզնեսների մասին ևս գրվում է լրատվամիջոցներով, սակայն նիստում անդրադարձ կատարվեց միայն Գագիկ Խաչատրյանին, արդյո՞ք միտում չի տեսնում, նա արձագանքեց. «Դա նոր չի: Ես բարձր կամային հատկություններ ունեմ ու իմ վրա դա չի ազդում: Եթե ուզում եք, որ ես` որպես սուպերնախարար, հետևեմ գործին, դուք հետևեք իմ գործին, իսկ եթե ուզում են, որպես պաշտոնյա, ինձ դարձնել խոցելի, ապա չի հաջողվի, Հայաստանում ինձ լավ ճանաչում են, ես դրանով հպարտանում եմ»: