Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Նկարիչների միությունում տեղի ունեցավ նկարչուհի Հասմիկ Սևոյանի աշխատանքների ցուցադրությունը: Ցուցադրվում էին նկարչուհու` վերջին երկու տարիների աշխատանքները, որոնք նրա արվեստի սիրահարների համար նորություն էին, քանի որ նկարչուհին սկսել է ստեղծագործել նոր ոճի` աբստրակտի մեջ: Ցուցադրվում են նկարչուհու` 50-ից ավելի աշխատանքներ:
Yerkir.am-ի հետ զրույցում քանդակագործ Արա Սարգսյանը նշեց, որ ցուցադրված աշխատանքներում, կարծես, այն բոլոր զգացողություններն են, որ այս երկու տարիների ընթացքում կուտակվել են նկարչուհու մեջ:
«Ես Հասմիկին շատ լավ գիտեմ, վաղուց եմ ճանաչում: Նրա աշխատանքները բազմաթիվ ոճերի մեջ են, և եթե հետևում ես նրա ստեղծագործական ընթացքին` այսօրվա նրա աբստրակտ գործերը լրիվ հասկանալի են դառնում: Նկարների մեջ շատ խիտ զգացողություններ կան: Նոր իրեն հարցնում էի` բա մեջդ բան թողե՞լ ես, բոլորը հանձնել ես կտավներին: Շատ հավանեցի նրա նոր գործերը»,- ասաց Սարգսյանը:
Քանդակագործ Յուրի Պետրոսյանն էլ նշեց, որ Սևոյանը մեր այն նկարչուհիներից է, ով, հետևողականորեն և անընդհատ զարգանալով, կտավների է վերածել ժամանակի ընթացքը:
«Շատ ուրախ եմ նրա համար, Աստված տա, որ ինքը հնարավորություն ունենա ավելացնելու իր նկարների թիվը, քանի որ հիմա դժվար է աշխատելը` ստեղծագործելիս մի շարք խնդիրներ են քեզ խանգարում, ու դու ստիպված թողնում ես այդ ամենը ու սկսում ուրիշ բանով զբաղվել: Բայց Հասմիկը կարողացել է կտրվել առօրյայից ու կտավի հետ մենակ մնալ»,- ասաց Պետրոսյանը:
Նրա կարծիքով` նկարչուհու յուրաքանչյուր կտավ իր բովանդակությունն ունի, որից էլ բխում են նկարի գույները: Նկարում «հայտնված» ոչ մի գույն պատահական չի ընտրվել: «Հերոսություն է մեր պայմաններում նման լավ գործեր ստեղծելը»,- ասաց քանդակագործը: