Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանի խոսքով` նոր կառավարության կազմում ընդգրկված են մարդիկ, որոնց արդեն տեսել ենք նախկինում այլ պաշտոններում, ուստի նա լավատես չէ, որ այս կառավարությունը կարող է լուծել խնդիրներ: Այսօր լրագրողների հետ զրույցում, խոսելով նոր կառավարության մասին, Սաֆարյանը նշեց, որ կառավարությունը նախ պետք է ապահովի տնտեսական աճ, մինչդեռ նշանակված նախարարներից շատերը հայտնի գործարարներ են և ունեն մենաշնորհային դիրք շուկայում: Նա, որպես օրինակ, նշեց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին:
«Այն մարդը կփոխի խաղի կանոնները, ով կշահի այդ կանոններից»,- ասաց Սաֆարյանը` հավելելով, որ այս կառավարությունը տիպիկ օլիգարխիայի կառավարություն է, որովհետև եթե խումբը ունի փող և քաղաքական իշխանություն, ուրեմն, դասական քաղաքագիտական առումով, դառնում է օլիգարխների խումբ: «Պատկերացրեք ինչ-որ մեկը տուն է սարքում ու շատ հաջող, նա կփոխի՞ խաղի կանոնները, եթե դրա արդյունքում կքանդվի իր տունը»,- ասաց նա:
Լրագրողների դիտարկմանը, թե նոր վարչապետը խոստացել է կանգնել հասարակ քաղաքացու ու փոքր ձեռներեցների կողքին, Ստեփան Սաֆարյանն արձագանքեց. «Նախկին վարչապետն էլ կթվորի կողքին էր կանգնում, և ի՞նչ»: «Ժառանգության» ներկայացուցչի խոսքով` Հովիկ Աբրահամյանը միանշանակ օրենսդիրի մարդ չէր, այլ էությամբ գործադիրի մարդ է, սակայն խնդիրներն այնքան խորն են, համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը` այնքան կենսականորեն անհրաժեշտ, որ միայն Հովիկ Աբրահամյանի ցանկությունը բավարար չէ` դրական փոփոխությունների հասնելու համար: