կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-26 12:12
Առանց Կատեգորիա

«Եվրատեսիլ 2014». Արամ MP3-ը բեմում մենակ է լինելու

«Եվրատեսիլ 2014». Արամ MP3-ը բեմում մենակ է լինելու

 

Վաղն արդեն «Եվրատեսիլ 2014»-ի հայաստանյան մասնակից Արամ MP3-ը կմեկնի Կոպենհագեն, որտեղ այս տարի կանցկացվի մրցույթը: Լրագրողների հետ զրույցում Արամը նշեց, որ մրցույթից առաջ մարտական է տրամադրված:

 

«Մարտի 25-ից սկսած` մեկնել էինք պրոմոտուրերի և եղանք ՌԴ-ում, Լոնդոնում, Փարիզում, Համբուրգում, Վարշավայում, Մարսելում… Վստահ կարող եմ ասել, որ դրսի հայերը մեզ հետ են, ամեն կերպ աջակցելու են մեզ»,- ասաց նա:

 

Արամը տեղեկացրեց նաև, որ մրցույթի համար առաջին փորձը լինելու է ապրիլի 28-ին: Ըստ նրա` երգի հաջողության գաղտնիքն այն է, որ այն հոգուց բխած երգ է և չի գրվել` մարդկանց դուր գալու համար. «Գնանք-տեսնենք` ինչ ենք անում: Հույս ունեմ, որ ամեն ինչ մեր սրտով կլինի, քանի որ, այո, պետք է ասեմ, որ շատ ենք աշխատել, ոչ մի ջանք չեն խնայել»:

 

Արամը հավաստիացնում է` «Եվրատեսիլից» հետո էլ շարունակելու է մնալ երգի ասպարեզում:

 

«Այս ասպարեզում եմ արդեն 7 տարի, մի կողմից` չեմ կարող հստակ ասել, թե մայիսի 10-ից հետո ի՞նչ է լինելու, քանի որ գրաֆիկս ավարտվում է մայիսի 10-ին, մյուս կողմից` վստահեցնում եմ` երգարվեստում շարունակելու եմ իր գործունեությունը»,- ասաց նա:

 

«Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը տեղեկացրեց, որ մրցույթի ժամանակ Արամը բեմում մենակ է լինելու, չի լինի անգամ բեք-վոկալ:

 

«Բազմաթիվ տարբերակներ էինք քննարկել շոուի համար, բայց հետո հասկացանք, որ ճիշտ կլինի` Արամը բեմում մենակ լինի, քանի որ երգը դա է պահանջում: Արամի երգի հանդեպ հետաքրքրությունը բավական մեծ է, և կարծում եմ, որ երգն ունի բոլոր շանսերը` առաջին հնգյակում լինելու»,- ասաց Գասպարյանը:

 

Ի դեպ, Արամն անակնկալ է պատրաստել իր երկրպագուների համար` մինչև մայիսի 5-ը Արամի ֆեյսբուքյան պաշտոնական էջին անհրաժեշտ է ուղարկել համբուրվող զույգերի նկարներ: Ամենայուրահատուկ նկարի հեղինակին սպասվում է հաճելի անակնկալ:

 

Հիշեցնենք, որ Արամ MP3-ն ելույթ է ունենալու մրցույթի առաջին կիսաեզրափակիչում` 1-ին համարի ներքո: Երկրորդ կիսաեզրափակիչը կկայանա մայիսի 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին: