կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-03 12:40
Իրավական

Նորքի զինկոմի կալանավորումը պատվե՞ր է

Նորքի զինկոմի կալանավորումը պատվե՞ր է

Առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալված, իսկ այժմ արդեն կալանավորված`  Նոր Նորքի զինկոմիսարիատի զինկոմ Ռաֆայել Զախարյանն իրեն մեղավոր չի ճանաչում: Այս մասին yerkir.am-ին հայտնեց Զախարյանի պաշտպան Հրանտ Անանյանը:

 

Նա ասաց, որ ՀՀ Վերաքննիչ դատարանում բողոքարկել է իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու` դատարանի որոշումը: Փաստաբանը խուսափեց այս փուլում դեպքի մասին մանրամասներ հայտնել` նշելով, որ այն կարող է վնասել իր պաշտպանյալին: Փոխարենը նշեց, որ իր վստահորդը հրաժարվել է ցուցմունք տալուց և նրա նկատմամբ պաշտպանական կողմի մասնակցությամբ դեռևս որևէ քննչական գործողություն չի կատարվել:

 

Հարցին` արդյո՞ք փորձաքննություն նշանակվել է կաշառքի առարկա հանդիսացող գումարի նկատմամբ, պաշտպանը պատասխանեց. «Եթե փորձաքննություն նշանակելու մասին որոշում կայացվեր, նախաքննական մարմինը մեզ պետք է տեղեկացներ այդ մասին, սակայն չի տեղեկացրել, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ չի նշանակվել»:

 

Պաշտպանը նաև չբացառեց այն վարկածը, որ հնարավոր է զինկոմը ձերբակալվել է ինչ-որ պատվերի շրջանակներում:

 

Հիշեցնենք, որ մարտի 19-ին` ժամը 17.10-ին, Նոր-Նորքի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժանմունքի պետի աշխատասենյակում քաղաքացի Գ.Վ.-ից առանձնապես խոշոր չափի՝ 3900 ԱՄՆ դոլար գումար կաշառք ստանալուց անմիջապես հետո ձերբակալվել է Նոր Նորքի զինվորական կոմիսար, գնդապետ Ռաֆայել Ռուբենի Զախարյանը: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով:

 

Նույն գործի շրջանակներում ձերբակալվել, ապա նաև կալանավորվել էր նույն զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի կցագրման գծով տեսուչ, ավագ ենթասպա Տիգրան Հովհաննիսյանը, ով նույնպես իրեն մեղավոր չի ճանաչում: