կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-28 13:53
Քաղաքական

ԲՀԿ-ն խոսեց ռադիկալ քայլերի եւ ազգային համաձայնության կառավարության մասին

ԲՀԿ-ն խոսեց ռադիկալ քայլերի եւ ազգային համաձայնության կառավարության մասին

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցությունը հանդես եկավ մի քանի հայտարարություններով՝ ներկայացնելով ներքաղաքական կյանքում իրենց անելիքների և մտադրությունների մասին: ԲՀԿ-ն հայտարարում է, որ ապրիլի 28-ից հետո Հայաստանում ստեղծվելու է միանգամայն նոր քաղաքական իրավիճակ:

 

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը նախ նշեց, որ անցնող քառօրյայում իշխանության մի շարք ներկայացուցիչների ոչ կոռեկտ պահվածքն ու արտահայտությունները վկայում են իշխանությունների խուճապային տրամադրությունների մասին: Պատգամավորի խոսքով՝ ԲՀԿ-ն չունի գործողությունների գաղտնի պլան, ամեն ինչ կլինի բացահայտ՝ հասարակության լայն զանգվածների հետ համագործակցելով:

 

«Կառավարության անվստահություն հայտնելու գործընթացը սկսված է, և այսօրվանից այդ մեկամսյակը սկսում է գործել: Գտնում ենք, որ ոչ թե փուլային, այլ փաթեթային տարբերակ պետք է գործի, այսնինքն՝ միայն վարչապետը չպետք է հեռանա, այլ կառավարությունն` ամբողջ կազմով»,- ասաց Վահան Բաբայանը` հավելելով, որ ԱԺ-ում կփոխվի «կոճակային» քաղաքականությունը, երբ քաղաքական մեծամասնությունն իր քվեարկություններով տապալում է ամեն ինչ:

 

Սակայն, ըստ պատգամավորի, եթե քաղաքական մեծամասնությունը չգնա փոփոխությունների, ապա ոչ իշխանական չորս ուժերի հաջորդ քայլերը կլինեն ռադիկալ, այսինքն` կազմակերպելու և իրականացնելու են տասնյակհազարավոր մարդկանց հանրահավաքներ Երևանի փողոցներում ու հրապարակներում:

 

«Կա հնարավորություն գնալու անցնցում խաղաղ փոփոխությունների: Մենք շատ լավ գիտենք քայլերի հաջորդականությունը ապրիլի 28-ից հետո, ահա` ինչու իշխանությունները պետք է ճիշտ հետևություններ անեն, որ խուսափեն բարիկադներից, ցնցումներից և անիմաստ թշնամանքից»,- ասաց Վահան Բաբայանը՝ հավելելով, որ հաջորդ կառավարությունը պետք է լինի ազգային համաձայնության կառավարություն:

 

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը հավելեց, որ հրապարակվելու է ծրագիրը, թե ինչպես պետք է գործի նոր կառավարությունը: Նա նշեց, որ անձերի մասին խոսակցությունները կլինեն ավելի ուշ, թե ով է զբաղեցնելու վարչապետի ու նախարարների պաշտոնները:

 

«Մենք ուզում ենք սկսել երկխոսություն քաղաքական ուժերի միջև երկրում ստեղծված իրավիճակը փոխելու նպատակով: Անձերի փոփոխությունը պետք է բերի արմատական փոփոխությունների»,- ասաց Ստեփան Մարգարյանը:

 

Այն հարցին, թե հնարավո՞ր է` առաջ գա արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ, Ստեփան Մարգարյանը պատասխանեց, որ ոչինչ բացառված չէ, բայց հույս ունեն, որ «կոճակային» քաղաքականությունը կփոխվի, և դրան չեն հասնի:

 

«Դրվում է արմատական փոփոխությունների սկիզբ: Դրանք կլինեն կա'մ սահուն ու համագործակցված, կա'մ ռադիկալ պահանջներով: Գալիս է պահ, երբ իրավիճակը որոշվում է հանգամանքներով: Մենք դա չենք ուզում»,- ասաց Ստեփան Մարգարյանը:

 

Հարցին, թե ինչո՞ւ նման հայտարարությունները չեն հնչում Գագիկ Ծառուկյանի շուրթերից, նա պատասխանեց, որ Գագիկ Ծառուկյանը քաղաքում չէ, և կգա ժամանակը, բոլորն էլ կանեն այդ հայտարարությունները: