կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-27 13:45
Քաղաքական

Լրջացեք, ես Ձեզ կիջեցնեմ պարկետի վրա. Փաշինյանը՝ Աշոտյանին

Լրջացեք, ես Ձեզ կիջեցնեմ պարկետի վրա. Փաշինյանը՝ Աշոտյանին

ԱԺ նիստում, երբ քննարկվում էր «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրականությունը բացարձակ կապ չունի Սահմանադրության մեջ շարադրված փայլուն և ոսկեղենիկ տեքստերի հետ:

 

Ըստ պատգամավորի` Հայաստանի կրթական հաստատություններում և, մասնավորապես, բուհական համակարգում ստեղծված են երիտհանրապետականների խմբակներ, որոնք անհրաժեշտ պահին օգտագործվում են կեղտոտ նպատակների համար: Նա հիշեցրեց տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցած միջադեպը, երբ լրագրողների մասնագիտական աշխատանքին խոչընդոտել էին մի խումբ ուսանողներ: «Ինչպե՞ս են կորյունաթոյանները ստիպում այդ ուսանողներին իրականացնել այդպիսի կեղտոտ առաջադրանքներ` այդ նույն ֆինանսական արտոնությունների, վարչական լծակների գործադրմամբ»,- ասաց Նիկոլ Փաշինյանն ու կրկին հիշեցրեց, որ այդ միջադեպի մասնակիցներից մեկը փետրվար ամսին պարգևատրվել է և լուսանկարներ ունի Սերժ Սարգսյանի, Հովիկ Աբրահամյանի հետ:

 

Նա նշեց, որ երեկ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին հարց է տվել` գնահատական պահանջելով տնտեսագիտական համալսարանի միջադեպին, ընդ որում` հարցը տվել է առանց որակումների՝ հիմնված բացառապես փաստերի, փաստարկների վրա: «Կրթության և գիտության նախարարը փոխանակ էս ամբիոնից պատասխանի ԱԺ պատգամավորի՝ իրեն ուղղված հարցին, սկսում է ինչ-որ շուտասելուկներ ասել, գլուխկոտրուկներ ասել, սրամտություններ ու սրախոսություններ է ասում: Պարո'ն Աշոտյան, էս վերջին շրջանի քննարկումներին հետևելով` ուզում եմ Ձեզ ասել պատասխանատու կերպով` Դուք լրջանալու կարիք ունեք, ընդամենը»,- ասաց Նիկոլ Փաշինյանն ու նշեց. «Սա Клуб веселых и находчивых խաղի պոլուֆինալը չէ, որ էստեղ գաք, չգիտեմ, հարցերին շուտասելուկներով, հանելուկներով պատասխանեք: Ոչ, պարո'ն Աշոտյան, ամեն անգամ, երբ Դուք փորձեք էդպիսի հրեշտակային բարեփոխիչի կերպարով թևածեք այս ամբիոնում, ես ինքս Ձեզ իջեցնելու եմ պարկետի վրա: Սա խնդրում եմ արձանագրել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: