Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Րաֆֆի Հովհաննիսյանը վարչապետի հետ համակարծիք է՝ «Դեմ եմ» շարժումը պետք է դառնա «Կողմ»: Վարչապետն ասում էր «Հանուն», բայց դրանից բովանդակությունը չի փոխվում: Նա քաղաքական մյուս ուժերին կոչ է անում գործի անցնել՝ «վեր կենալով ինքնագովեստից»: Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ մեկին չի ներում անցյալ տարվա ընտրություններից հետո իրեն նախագահ չդարձնելը: Նա քաղաքական ոչ մի պայմանավորվածություն չի պահում:
Ասվել է՝ 4-ը պետք է դադարեն միմյանց քննադատել: Ինքը քննադատում է, նրանց, «ովքեր հեքիաթներով առաջնորդվել են մինչեւ հիմա»: Սլաքն, անկասկած, ուղղված է ՀԱԿ-ին: «Միացեք, պրծեք»,- նրանց կոչ է անում պարոն Հովհաննիսյանը` հասկացնելով, որ միացումը լինում է պոզով ու պոչով: Որովհետեւ եթե այսօր 4-ը միասին են, ներառյալ` Րաֆֆիի «Ժառանգությունը», դա նրան չի բավարարում: Միացել են, պրծել են: Նույնիսկ կառավարությանn անվստահություն հայտնելու օրն են հայտարարել: Բայց՝ ոչ: Ինքը սպասում է, որ քաղաքացիական ուժերը պետք է որպես նոր սերունդ գան իշխանություն: Միայն թե դա չլինեն նրանք, ովքեր անցյալ տարի նրա կողքին չկանգնեցին: Հետաքրքիր իրավիճակ է՝ ինքն իրականում ուզում է առաջնորդել քաղաքացիական շարժումը, քանի որ քաղաքական ուժերին իրենով անել չի կարող:
Ինքը գնում է Գագիկ Ծառուկյանի մոտ եւ ասում, որ պետք է պահանջել Սերժ Սարգսյանի հրաժարականը՝ հաշվի չառնելով, որ քաղաքական քայլերի հերթագայությունում մաքսիմալիզմը վատ խորհրդատու է: Ո՞վ չգիտի, որ Սերժ Սարգսյանը պետք է հեռանա: Բոլորը գիտեն, ներառյալ` Գագիկ Ծառուկյանը: Իսկ ինչպե՞ս Գագիկ Ծառուկյանը հասկանա, որ դա լինող բան է, պետք է հաղթի նրա հետ կառավարության հրաժարականի համար պայքարում: Եթե հաղթեց, պարզ կլինի, որ Սերժ Սարգսյանը դիմադրության ռեսուրս չունի:
«Դեմ եմ»-ի ակցիան վատ շարժում չէ, ինքն իր հերթին կազմալուծում է իշխանությանը: Իշխանությունը տեսնում է, որ հակադարձել չի կարող, բնականաբար, հրահանգում է ՍԴ-ին հակասահմանադրական ճանաչել կուտակայինի «պարտադիր» բաղադրիչը: Լավ է, վատ չէ:
Բոլորը տեսնում են, որ իշխանությունը նահանջում է քայլ առ քայլ: Կարբիի եւ Օհանավանի բնակիչներն իրենց հերթին են հաղթանակ արձանագրում ՀԷԿ-ի շինարարության դեմ պայքարում: Բոլորին անխտիր տեսանելի է, թե ինչպես է նահանջում Սերժ Սարգսյանը: Դա տեսանելի է նաեւ Գագիկ Ծառուկյանին: Ինչո՞ւ նրանից կորզել Սերժ Սարգսյանի հրաժարականի համաձայնությունը` դրանով պարոն Սարգսյանին հասկացնելով, որ Գագիկ Ծառուկյանին պետք է չեզոքացնել: Չէ որ այնքան էլ անխոցելի դիրքերում չէ Ծառուկյանը` գոնե ԱԺ-ում: Հետեւաբար, Րաֆֆի Հովհաննիսյանը առժամանակ պետք է մոռանա ցանկացած տարաձայնություն, որ ունի ընդդիմադիր մյուս 3 քաղաքական ուժերի հետ: Բայց ոչ, ինքն ուզում է հիշեցնել, թե ով է այս պայքարում իրական «տանտերը», նրան առաջնորդություն է պետք: Բացառված էլ չէ, որ ինչ-որ պահից «Ժառանգության» առաջնորդն իր մասնակցությունը դադարեցնի 4-ի ֆորմատին:
Անընդհատ պնդում է, թե 4-ի ղեկավարները պետք է հայտարարությամբ հանդես գան: Պարզ չէ՞, որ եթե կայացվել է կառավարությանն անվստահություն հայտնելու օրը, այլեւս հայտարարության կարիք չկա: Մյուս կողմից կա՞ ինչ-որ փաստաթուղթ, որ պետք է ստորագրեն 4-ի ղեկավարները: Կլինի, կստորագրեն, չի լինի, չեն ստորագրի: Ի՞նչ է պետք: Պարզ է, թե ինչ: Րաֆֆի Հովհաննիսյանին անհրաժեշտ է, որ ինքը կանգնի մյուս երեք առաջնորդների կողքին` ցույց տալով իր հավասարությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի, Գագիկ Ծառուկյանի եւ Հրանտ Մարգարյանի նկատմամբ: Մնում է, որ այս երեքը հայտարարեն, որ, խնդիր չկա, եղբա'յր, հավասար ես, դեռ մի բան էլ ավելի: Այլապես, եթե չհայտարարեն, Րաֆֆի Հովհաննիսյանը մի «Դեմ եմ» էլ կառավարության հրաժարականի դեմ դուրս կբերի: Չէ՞որ ինքը երիտասարդությանը եւ քաղաքացիներին «համախմբելու» փորձ ունի:
Սեյրան Հանոյան