կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-12 18:01
Քաղաքական

Մերը տերերի ԱԺ է

Մերը տերերի ԱԺ է

«Գովազդի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու վերաբերյալ օրինագիծն Ազգային ժողովն ընդունել է 66 կողմ, 1 դեմ և 2 ձեռնպահ արդյունքով: Տարօրինակ է, բայց նախօրեին ծավալված բուռն ու հուզախռով ելույթները, կարծես, բացառում էին այս արդյունքը: Համենայն դեպս, տպավորություն կար, որ օրինագծի ընդունումն առնվազն կհետաձգվի: Մինչդեռ մեր ընտրյալները գերադասեցին ընդունել մի օրինագիծ, որը բազմաթիվ կասկածների տեղիք էր տալիս: Դրանք մասնավորապես խորանում էին օրինագիծը հապշտապ ընդունել տալու մեջ անձնապես շահագրգռված որոշ պաշտոնյաների ու մագնատների հեղինակային և ուղղորդող «ձեռքը» տեսնելու առումով:

 

ԱԺ այսօրվա քվեարկությունը վերստին ցույց է տալիս, որ հայ իրականության մեջ խեղաթյուրված է նաև գովազդ երևույթն ինքը և, հակառակ հասարակ տրամաբանության` այն մեզանում ծառայում է ոչ թե հանրային շահին, ոչ թե ընդհանուրի բարեկեցությանը, այլ սոսկ իշխանավորին ու նրա գռփողական նկրտումների բավարարմանը:

 

Պարզից էլ պարզ է` գովազդի մասին օրենքի այս նոր փոփոխությամբ ավելի կբարգավաճեն մի քանի հեռուստաընկերություններ (դրանք անուն առ անուն հայտնի են), որոնց հեռուստաարտադրանքը դժվար թե դառնա ավելի որակյալ, ինչպես օրինագիծն ընդունելուց առաջ «հիմնավորում» էին հեղինակները, բայց հաստատ նույն հեռուստաընկերությունների տերերը կդառնան առավել հարուստ, ուրեմն և առավել մեծ ախորժակով կընկնեն ալկոհոլային խմիչք վաճառող սուբյեկտների հետևից:

 

Ճնշումներով ու չինովնիկական սադրանքներով նրանք գովազդատուներ կորսան՝ «չաղ ու բախտավոր» գովազդներ հայթայթելով: Եվ դարձյալ առկախ կմնա հարցը՝ իսկ ի՞նչ է շահում դրանից հանրությունը, ի՞նչ է փոխվում: Բան չի փոխվում: Որովհետև հանրությունը դարձյալ մնում է հայկական հեռուստաընկերությունների անորակ, ռաբիս և տխմար շոուների, սերիալների ու հաղորդումների հույսին, որոնցում նախ հիմնավորապես այլակերպվում է հայոց լեզուն, հայ մշակույթը, ապա` նաև ճշմարտությունը: Ճշմարտությունը՝ հատկապե'ս, որովհետև հայաստանյան սպառողին տրվող գազի կալորիականության չափը, զորօրինակ, երբ դարձյալ կորոշեն մեր հեռուստաընկերությունները, և նրանցից Civilnet-ը կբացահայտի սպառման համար անհրաժեշտ չափանիշների խայտառակ խախտումները, մեկ ուրիշ հեռուստաընկերություն, օրինակ՝ Armnews-ը, «մասնագիտորեն» ու անվերապահ կպնդի նույն այդ գազի` նույնիսկ նորմայից բարձր կալորիականության մասին: Եվ դա մի պարզ պատճառով` առաջինը որևէ շահ չունի (չեն թողնի՝ ունենա) նոր ընդունված օրինագծից, մինչդեռ երկրորդը փառավորապես կօգտվի դրանից: Որովհետև ամբողջ այս ԱԺ-ական թատրոնը ստեղծվել է հենց երկրորդի, նմանների ու դրանց տերերի համար: Որովհետև մերը տերերի ԱԺ է:

 

Լ. Սարգսյան