կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-26 22:47
Քաղաքական

Հայաստանում ուկրաինական իրադարձությունների մասին երազում են ագրեսիվ ընդդիմախոսները. Տիգրան Սարգսյան

Հայաստանում ուկրաինական իրադարձությունների մասին երազում են ագրեսիվ ընդդիմախոսները. Տիգրան Սարգսյան

Ուկրաինան Հայաստանի բարեկամ երկիր է, եւ շատ ցավալի է, որ Ուկրաինայում այդպիսի դեպքեր են տեղի ունեցել:  Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` անդրադառնալով Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին:


«Մենք շահագրգռված ենք, որ, որքան հնարավոր է շուտ, գտնվեն իրավիճակի լուծման եւ գործընթացների նորմալ կարգավորման ուղիներ»,- ասաց վարչապետը:


Հարցին, թե հնարավո՞ր է, որ Յանուկովիչի կուսակիցների օրինակով մի օր ՀՀԿ-ականներն էլ հայտարարություններ անեն ՀՀ նախագահի դեմ, և այդ դեպքում ի՞նչ դիրքորոշում կունենա վարչապետը, Տիգրան Սարգսյանը պատասխանեց.  «Կարծում եմ՝ այդպիսի համեմատությունները կոռեկտ չեն, տեղին չեն: Բոլոր ագրեսիվ ընդդիմախոսները կերազեին նման սցենարի մասին: Իրատեսական չէ, որ այդ սցենարը կրկնվի Հայաստանում մի քանի պատճառներով: Մեր քաղաքական թիմի դիրքորոշումը եւ մեր քաղաքական թիմի ղեկավարության դիրքորոշումը միշտ եղել է ընդդիմախոսների հետ երկխոսության կամուրջներ կառուցելը: Մենք միշտ հանդես ենք գալիս համագործակցության օգտին»:


Նա նշեց, որ գաղտնիք չէ` երկրում կան  տնտեսական խնդիրներ, դրա մասին առաջինը խոսում է հենց կառավարությունը: Եվ, ըստ վարչապետի, կառավարության դռները միշտ բաց են համագործակցության համար: «Մեր ժողովուրդն արդեն անցել է այդ ուղին եւ դա դաս է եղել իշխանությունների եւ բոլոր կուսակցությունների համար` առանց բացառությունների: Ես վստահ եմ, որ ե'ւ կուսակցությունները, ե'ւ ժողովուրդը իմաստություն կդրսեւորեն»,- ասաց վարչապետը: