Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր՝ փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից մեկ տարի անց, ազգային տարեկան ուղերձով հանդես եկավ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա հավաքվածներին խնդրեց նախ հոտնկայս հարգել անկախ հայրենիքի համար իրենց կյանքը տվածների, ինչպես նաև 2004-ի փետրվարի 19-ին ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված հայ սպա Գուրգեն Մարգարյանի հիշատակը:
«Այսօր ազգային ապստամբության օր է»,- այնուհետեւ հայտարարեց Հովհաննիսյանը և հավելեց, որ հետընտրական պայքարը չի կորել ու իրենք չեն լքել «մարտադաշտը»:
«Այս վերակազմավորման գործընթացն ուժեղանալու համար է»,- նշեց նա և, առակներ, նաև համաշխարհային մեծերի, այդ թվում` Նելսոն Մանդելայի խոսքերը մեջբերելով, բացատրեց ստեղծված իրավիճակը:
Հովհաննիսյանը թվեց նաև մեր երկրում ծառացած կարևորագույն խնդիրները, խոսեց կուտակային կենսաթոշակային համակարգի, գազային համաձայնագրի, ինչպես նաև Արմեն Հովհաննիսյանի սխրանքի մասին: Անդրադառնալով 2013-ի նախագահական ընտրություններին` նա հերթական անգամ նշեց ընտրակեղծիքների և ընտրագողության մասին:
«Ժառանգության» ղեկավարն առաջարկեց սահմանադրական հեղափոխություն անել: «Մեր նպատակն արդար ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելն է: Այսուհետ ոչ ոք չի հանդգնի ժողովրդից խլել իշխանությունը, մեզ արդեն ոչ ոք չի կարող խաբել»,-ասաց նա:
Րաֆֆի Հովհաննիսյանն անդրադարձավ նաև Շանթ Հարությունյանին: «Շանթ Հարութունյանը, հավանաբար, վերջին քաղբանտարկյալը չի լինելու, պահանջում ենք նրա անհապաղ ազատ արձակումը»,- ասաց նա:
Ի դեպ, նա նաև տեղեկացրեց, որ մոտ ժամանակներս ասուլիս կհրավիրի և կպատասխանի լրագրողների հարցերին:
«Սաղ գիտենք, թազա բան ասա»,- ասաց հանդիպմանը ներկա` Հովհաննիսյանին սատարող մի ծերունի և, դժգոհելով Հովհաննիսյանի ելույթից, սկսեց թերթ կարդալ:
Այս պահին Հովհաննիսյանը շարունակում է իր ելույթը: