կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-02-17 12:17
Իրավական

Արմավիրում ամուսինները սպանել են կանանց

Արմավիրում ամուսինները սպանել են կանանց

Փետրվարի 15-ին` ժամը 23.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «աջ քունքգագաթային շրջանի սալջարդ վերք, ենթամաշկային հեմատոմա, պարանոցի շրջանում կտրած վերք աջից, վերին և ստորին վերջույթների բազմաթիվ կտրած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1976 թ. ծնված Արթուր Ս.-ն, իսկ ժամը 23.55-ին` «ծանր գանգուղեղային տրավմա, ագոնալ վիճակ» ախտորոշմամբ` Արթուր Ս.-ի կինը` 1979 թ. ծնված Արաքսյա Մարտիրոսյանը, ով, հիվանդանոցում գիտակցության չգալով, մահացել է:  Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

 

 Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը` ժամը 23.00-ի սահմաններում, Արմավիր գյուղի գերեզմանատանը` Արթուր Ս.-ի հանգուցյալ եղբոր գերեզմանի մոտ, դեռևս չպարզված հանգամանքներում, Արթուր Ս.-ն քարով հարվածներ է հասցրել կնոջ գլխին և շեղբով կտրել պարանոցի հատվածը, որից հետո ինքնասպան լինելու նպատակով նույն շեղբով վնասել է իր պարանոցը և վերին ու ստորին վերջույթները: Ըստ բժշկի տեղեկանքի` Արթուր Ս.-ն ի վիճակի չի եղել բացատրություն տալու: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արյունոտ շեղբը, Արթուր Ս.-ի կոշիկները և Ա. Մարտիրոսյանի հողաթափերը: Կատարվում է նախաքննություն:

 

Նույն մարզում մեկ այլ ողբերգական դեպք էլ տեղի է ունեցել փետրվարի 16-ին: Ոստիկանությունից հայտնում են, որ ժամը 12.30-ին, ոստիկանության Մեծամորի բաժին է ներկայացվել 1977 թ. ծնված, նախկինում դատված Գրիշա Մ.-ն և հայտնել, որ նախորդ օրը` ժամը 23.00-ի սահմաններում, տանը, ոգելից խմիչքի ազդեցության տակ, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ մետաղաձողով հարվածներ է հասցրել կնոջ` 1971 թ. ծնված Ժենյա Հարությունյանի մարմնի տարբեր մասերին և սպանել նրան: Մեկնած օպերատիվ խումբը Մայիսյան գյուղի վագոն-տնակներից մեկում հայտնաբերել է Ժ. Հարությունյանի դիակը` բազմաթիվ վնասվածքների հետքերով: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 7.62 մմ տրամաչափի 2 փամփուշտ: Գրիշա Մ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն: