կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-21 17:36
Սպորտ

Փորձելու ենք միայն օլիմպիական կարգախոսով չառաջնորդվել. Արթուր Եղոյան

Փորձելու ենք միայն օլիմպիական կարգախոսով չառաջնորդվել. Արթուր Եղոյան

Հաշված օրեր հետո Ռուսաստանի Սոչի քաղաքում կմեկնարկեն ձմեռային 22-րդ օլիմպիական խաղերը:

 

Հայաստանն այս կարևոր ստուգատեսին կներկայացնի 4 մարզիկ՝ 3 դահուկորդ և 1 լեռնադահուկորդ: Մասնակիցներից երկուսը՝ Սերգեյ Միքայելյանն ու Արթուր Եղոյանը, մասնակցության իրավունք ձեռք էին բերել իրենց վարկանիշների շնորհիվ, իսկ մյուս երկուսը՝ Կատյա Գալստյանը և լեռնադահուկորդ Արման Սերեբրակյանը, օլիմպիական խաղերին մասնակցելու են սպիտակ քարտերով:

 

Yerkir.am-ի զրուցակիցն է Սոչիի օլիմպիական խաղերի մասնակից` դահուկորդ Արթուր Եղոյանը:

 

-Արթո'ւր, հարցազրույցներիցդ մեկում նշել էիր, որ գլխավոր նպատակդ Սոչիի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելն է, այժմ, երբ դու արդեն ունես այն, ի՞նչ ես զգում:

- Այո, դա ասել եմ Ֆինլանդիայի մրցումների ժամանակ: Այնտեղ արդեն  բավական վարկանիշ էի հավաքել ուղեգրի համար, բայց դեռ պաշտոնապես հաստատված չէր: Հիմա, երբ գիտեմ, որ  մասնակցելու եմ օլիմպիական խաղերին, կաշխատեմ չառաջնորդվել միայն օլիմպիական`  «Կարևորը մասնակցությունն է» կարգախոսով: Իհարկե, մասնակցությունը, այն էլ` այդ նշանակության խաղերին, մեծ պատիվ և պատասխանատվություն է, կաշխատեմ պատվով ներկայանալ:

 

- Ըստ քեզ, ի՞նչ արդյունք կունենաս Սոչիում:

-  Տեղերի մասին խոսել չեմ ցանկանում: Կանեմ ամեն ինչ՝ լավ մասնակցելու համար, որպեսզի Հայաստանի պատիվը բարձր պահեմ:

 

-Վերադառնանք անցյալ: Ե՞րբ և ինչո՞ւ ընտրեցիր դահուկասպորտը: 

- Մեր տարածաշրջանում միայն դահուկասպորտ կար: Այլընտրանք չունեինք: Սկզբում սկսեցինք ընկերներով մարզվել: Դեռ փոքր էինք: Չէինք գիտակցում, որ կարող է գալ մի օր, երբ այդ ընկերական մարզումային վիճակից հայտնվեմ պրոֆեսիոնալ  սպորտում: Մինչև վերջերս չէի հավատում, որ դա հնարավոր է: Արդեն  3-4 տարի է` սիրողական մակարդակից տեղափոխվեցի պրոֆեսիոնալ: Իմ արդյունքներից գոհ եմ, տարեցտարի բարելավվում են:

 

-Ո՞ւմ գլխավորությամբ ես մարզվում:

 -Մարզվում եմ իմ ծննդավայրում՝ Արթուր Միքայելյանի  գլխավորությամբ:

 

-Արթո'ւր, եղել են դեպքեր, երբ մրցումների ժամանակ քեզ շատ է խանգարել քո հուզվածությունը: Ինչպե՞ս ես պատրաստվում հաղթահարել այն, մանավանդ` այսպիսի` մեծ հնչեղություն ունեցող մրցումներում:

- Ճիշտն ասած` հուզվածություն կար, բայց  մրցումից մրցում, երբ գնահատում էի իմ ուժերը, կամաց-կամաց պակասում էր: Այժմ հուզվածություն գրեթե չկա, բայց լինելու դեպքում պատրաստ եմ հաղթահարել այն:

 

-Մինչև օլիմպիական խաղերի մեկնարկը ի՞նչ ծրագրեր ունես:

 -Միայն մարզումային: Այս ընթացքում շարունակելու եմ մարզվել և պատրաստվել օլիմպիական խաղերին:

 

Արթուր Եղոյանը ծնվել է 1990-ին Աշոցքում: Ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը: Դահուկասպորտով սկսել է զբաղվել վաղ տարիքից:

 

 

Լուսանկարները՝ մարզիկի ֆեյսբուքյան էջից

 

Շուշանիկ ՀԱԿՈԲՅԱՆ