կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-21 15:13
Տնտեսական

Քաղավիացիայի ոլորտում բեկում կարող է լինել 2015 թ. գարնանը. Արտյոմ Մովսիսյան

Քաղավիացիայի ոլորտում բեկում կարող է լինել 2015 թ. գարնանը. Արտյոմ Մովսիսյան

Այս տարի նախատեսվում է, որ նոր ավիաընկերությունների մուտք կլինի հայկական քաղավիացիայի դաշտ, քանի որ անցյալ տարի երկու կարեւոր' քաղավիացիայի բնագավառում քաղաքականության ազատականացմանը վերաբերող փաստաթղթեր ընդունվեցին. լրագրողներին այսօր ասաց ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը:

 

Այդ փոփոխությունները վերաբերում են  քաղավիացիայի ոլորտի ազատականացմանը, ավիացիոն թռիչքների հաճախականությանը' թե ընկերությունները շաբաթական քանի թռիչք կարող են իրականացնել (կառավարությունը սահմանափակումներ չի իրականացնելու), վերաբերում են ավիաընկերությունների թվին, որոնք պետք է չվերթեր իրականացնեն ՀՀ եւ ՀՀ-ից' դրանց նկատմամբ նույնպես սահմանափակումներ չեն լինի, ինչպես նաեւ ՔԱԳՎ-ը ձգտելու է պայմանավորվող պետությունների հետ կնքել այնպիսի պայմանագրեր, որ իրենց մոտ բոլոր քաղաքներ թռիչքների հնարավորություն լինի:

 

«Այս ամբողջը ավիաընկերությունների համար արդեն բավականին լուրջ հիմք է հանդիսանալու, որպեսզի իրենք իրենց բիզնես- ծրագրերը կառուցեն' շահագրգռված լինելով այս ազատականացումներով: Կարծում եմ, որ 2014 թվականը կարող է նաեւ այդպես բեկումնային չլինել, բայց որ դրական է լինելու, հույսերը մեծ են»,- ասաց Արտյոմ Մովսիսյանը:

 

Իսկ թե ինչո՞ւ 2014-ը կարող է բեկումնային չլինել, ՔԱԳՎ պետը պարզաբանեց` որովհետեւ դեռեւս հոկտեմբեր ամսին է հայտարարվել բաց երկնքի քաղաքականության մասին, եւ այսօր դեռեւս  ՔԱԳՎ-ն էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ քայլեր է իրականացնում այլ պետություններին ու ավիաընկերություններին համաձայնագրերը փոխելու մասին տեղեկացնելու ուղղությամբ: Այսինքն' ավիաընկերություններն իրենց ծրագրերն արդեն իսկ նախագծած են եղել առաջիկա երկու տարվա համար, ուստի փոփոխությունները կարող են դանդաղ լինել, իսկ արդեն հաջորդ տարի կարող են ավելի մեծ լինել:

 

«Ավիաընկերությունների համար լավ տարի կարող է լինել 2015 թվականի գարունը, որովետեւ յուրաքանչյուր ավիացիոն ժամանակահատված գնահատվում է ամառային եւ ձմեռային նավիգացիոն սեզոններով: Յուրաքանչյուր  տարի հոկտեմբեր ամսին եւ գարնանը' մարտին, ժամը փոխվում էր: Դա նաեւ ավիացիոն թեմատիկայի հետ է կապված. յուրաքանչյուր տարի' հոկտեմբերի վերջին կիրակի օրը եւ մարտի վերջին կիրակի օրը  ձեւավորվում է հաջորդող ձմեռային կամ ամառային ժամանակաշրջանի չվացուցակը»,- մանրամասն ներկայացրեց Արտյոմ Մովսիսյանը:

 

Այսինքն' 2015 թվականի գարունը պայմանավորված է հենց աշխատանքների պլանավորման առումով ամենահարմար ժամանակը լինելու հանգամանքով: