Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Դ!ԵՄ ԵՄ նախաձեռնությունը կոչով դիմել է Սահմանադրական դատարանին, որը հունվարի 25-ին քննելու է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառման դեմ հայցը. հայտնում է Դ!ԵՄ ԵՄ նախաձեռնությունը:
Ստորեւ ներկայացնում ենք կոչի տեքստը.
Բարձր դատարան,
Ինչպես հայտնի է 2014 թվականի հունվարի 18-ին Երեւանում հրավիրված «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի» հավաքի մասնակիցները ընդունել են հայտարարություն եւ լիազորել են ՀՀ ԱԺ 36 պատգամավորների դիմումը Սահմանադրական դատարնում ներկայացնելու լիազորություն ունեցող անձանց հայտարարությունը փոխանցել Սահմանադրական Դատարանին:
Հայտարարությունը վերաբերում է Սահմանադրական դատարանում քննվող «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 7-րդ, 8-րդ, 37-րդ, 38-րդ, 45-րդ, 49-րդ եւ 86-րդ հոդվածների դրույթները՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համապատասխանության հարցին եւ գործի դատաքննության ապահովման միջոցի կիրառմանը:
Նկատի առնելով այն, որ դիմումում ներկայացվել էր նաեւ միջնորդություն՝ մինչեւ դատաքննության ավարտը կասեցնել պարտադիր բաղադրիչի վերաբերյալ օրենքի վիճարկվող դրույթների գործադրումը, որը քննարկվելու է Սահմանադրական դատարանում մինչեւ 2014 թվականի հունվարի 25-ը, խնդրում ենք սույն գրությունը եւ հայտարարությունը համարել միջնորդության անբաժան մաս:
Միաժամանակ խնդրում ենք միջնորդության քննարկման ժամանակ հաշվի առնել նաեւ հետեւյալ հանգամանքները՝
1. դիմումի, ըստ էության, քննությունը նշանակված է 2014 թվականի մարտի 28-ին, իսկ օրենքի գործադրումը նախատեսված է 2014 թվականի թվականի հունվարի մեկից, այսինքն մինչեւ դիմումի դատաքննության ավարտը պարտադիր կուտակային վճար կատարելու պարտավորություն ունեցող անձանց վարձատրության մեծությունից պահվելու են այդ գումարները: Կատարվելու են նաեւ հավելյալ ծախսեր, օրինակ՝ կենսաթոշակային ֆոնդի եւ ֆոնդի կառավարիչ ընտրության համար: Համապատասխան քայլերի պարտավորություններ ունեն նաեւ գործատուները, հակառակ դեպքում նրանք ենթարկվուն են վիճարկվող օրենքով նախատեսված (ֆինանսական) պատասխանատվության:
Անձինք, ովքեր չսպասելով Սահմանադրական դատարանի կողմից որոշման կայացմանը կկատարեն վիճարկվող օրենքի պահանջները, ինչպես նաեւ նրանք, որոնք կսպասեն նախատեսված դատաքննության ելքին ենթարկվում են ֆինանսական կորուստների ռիսկին կամ այդպիսի ռիսկ կառաջանա համակարգի այլ մասնակիցների եւ/կամ պետության համար: Այսպես, այն գործատուները, որոնք չեն կատարի վիճարկվող օրենքով նախատեսված պարտադիր վճարի հաշվարկման եւ փոխանցման գործառույթները, Սահմանադրական դատարանի կողմից դիմումատուների խնդրանքը չբավարարելու մասին հնարավոր որոշման դեպքում կկրեն անդառնալի ֆինանսական կորուստներ, իսկ պարտադիր բաղադրիչի՝ վիճարկվող օրենքով նախատեսված մասնակիցները ովքեր չեն կատարի ֆոնդի եւ ֆոնդի կառավարիչի ընտրություն, առնվազը որոշակի ժամկետով կզրկվեն ընտրություն կատարելու հնարավորությունից եւ դրա հնարավոր ֆինանսական արդյունքից: Սահմանադրական դատարանի կողմից դիմումատուների խնդրանքը բավարարելու մասին հնարավոր որոշման դեպքում՝ այն մասնակիցները, ովքեր չսպասելով այդ որոշման կայացմանը կկատարեն կենսաթոշակային ֆոնդի եւ ֆոնդի կառավարիչի ընտրության համար անհրաժեշտ գործողություններն ու դրանց համար կվճարեն դրամական միջոցներ, դրանք հետ ստանալու եւ վնասների փոխհատուցման իրավունք ձեռք կբերեն, որի վճարման պարտավորությունը կկրի պետությունը կամ այլ սուբյեկտ: Կատարված վճարների եւ/կամ կրած վնասների հետ վերադարձն ու փոխատուցումը անդառնալի ֆինանսական կորուստ կլինի դրանք հետ վերադարձնողի (փոխհատուցողի) համար, իսկ հետ չվերադարձնելու (չփոխհատուցելու) դեպքում՝ պարտադիր բաղադրիչի մասնակիցը կկրի չստացված միջոցների չափով անդառնալի ֆինանսական կորուստներ:
2. այն գործատուները ովքեր 2014 թվականի հունվարի մեկից՝ նշված պարտադիր վճարը փոխհատուցելու նպատակով կբարձրացնեն աշխատակիցների վարձատրության չափը, մի կողմից չեն կարող դա իրականացնել միայն 1974 թվականին եւ դրանից հետո ծնվածների համար (պայմանավորված տարիքային խտրականության արգելքով եւ համարժեք աշխատանքի դիմաց համարժեք վարաձատրության միջազգային իրավունքի եւ սահմանադրական սկզբունքի իրացմամբ), մյուս կողմից չեն կարող հետագայում (Սահմանադրական դատարանի կողմից դիմումի բավարարման մասին հնարավոր որոշում կայացնելու դեպքում) դրանք իջեցնել՝ վիճակը վատթարացնող իրավական ակտերի հետադարձ ուժ չուենալու սահմանադրական սկզբունքից ելնելով, փաստացի կրելով ֆինանսական անվերականգնելի (անդառնալի) կորուստներ:
Հետեւաբար դիմումով, հայտարարությունով եւ սույն գրությամբ ներկայացված բացասական հետեւանքներից խուսափելու, ինչպես նաեւ անորոշ վիճակ չառաջացելու եւ գործի քննությունը անաչառ վարելու անհրաժեշտությունից ելնելով, մեկ անգամ եւս կարեւորուն ենք վիճակրվող նորմերի գործադրումը կասեցնելու հրատապությունը:
Կից՝ «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի» բողոքի ցույցի մասնակիցների 2014 թվականի հունվարի 18-ի հայտարարությունը:
Հարգանքով`
2014 թվականի մարտի 28-ին Սահմանադրական Դատարանում քննվող դիմումով ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների պաշտոնական ներկայացուցիչներ՝
ԱՐԾՎԻԿ ՄԻՆԱՍՅԱՆ
ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆ
ՄԵՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Բազմիցս նշվել եւ հիմնավորվել է, որ պարտադիր բաղադրիչը ներառող կենսաթոշակային համակարգի՝ Հայաստանում ընդունված մոդելը միջազգային պրակտիկայում աննախադեպ է` հաշվի առնելով նաեւ առաջարկվող համակարգի յուրահատուկ ռիսկերը։
Պարտադիր բաղադրիչի գործադրումը Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ մասնագիտական լուրջ տեսակետ են ներկայացրել ՀՀ փաստաբաների պալատը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, մտահոգություններ եւ առաջարկներ են ներկայացրել Հանրային խորհուրդը, բազմաթիվ իրավաբաններ եւ տնտեսագետներ:
Անտեսելով բազմահազար քաղաքացիների պահանջը` Հայաստանի կառավարությունը ոչ միայն չհամաձայնեց հետաձգել օրենքի կիրակումը, այլեւ շարունակում է թաքցնել համակարգի՝ սոցիալ-տնտեսական վտանգավոր հետեւանքները եւ ապատեղակատվություն տարածել հանրության շրջանում:
ԱԺ 36 պատգամավորներ դիմել են Սահմանադրական դատարան՝ ՙԿուտակային կենսաթոշակների մասին՚ ՀՀ օրենքը Սահմանադրությանը հակասող ճանաչելու, գործի քննությունը բանավոր ընթացակարգով իրականացնելու եւ մինչեւ դատաքննության ավարտը օրենքի վիճահարույց դրույթների գործադրումը կասեցնելու առաջարկով:
2013 թվականի դեկտեմեբրի 26-ին Սահմանադրական դատարանը իր աշխատակարգային որոշմամբ, պահանջներ սահմանելով ՀՀ կառավարության եւ կենտրոնական բանկի համար, գործի դատաքննությունը նշանակել է 2014 թվականի մարտի 28-ին, նախատեսել է գործի դատաքննության բանավոր ընթացակարգ եւ մինչեւ 2014 թվականի հունվարի 25-ը պետք է անդրադառնա օրենքի վիճահարույց դրույթների գործադրումը կասեցնելու հարցին:
Վերահաստատելով դատարան ներկայացված հանրության պահանջը` փաստում ենք, որ 2014 թվականի հունվարի 1-ից պարտադիր կուտակային բաղադրիչը գործադրելու դեպքում՝
1. 1974 թվականին եւ դրանից հետո ծնված աշխատող անձանց համար, ում անվանական աշխատավարձը չի բարձրանում կամ բարձրացումը չի փոխհատուցում պարտադիր կուտակային վճարը (այդ թվում՝ պետական հատվածն ամբողջությամբ եւ մասնավորը՝ գերազանցապես), հանգեցնում է փաստացի տնօրինվող աշխատավարձի եւ կենսամակարդակի նվազմանը, ինչն անթույլատրելի է, հակասոցիալական եւ հետեւաբար՝ Սահմանադրությանը չհամապատասխանող,
2. բավարար տեղեկատվության, ենթակառուցվածքների բացակայության եւ այլ գործոններով պայմանավորված` պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից բազմահազար քաղաքացիներ գործող ընթացակարգով փաստացի զրկվում են իրենց կողմից կենսաթոշակային ֆոնդ եւ ֆոնդի կառավարիչ ընտրելու հնարավորությունից, ակամայից դառնում են օրինախախտներ, նրանցից օտարվում է սեփական միջոցները տնօրինելու իրավունքը, ինչը ոչ իրավաչափ է եւ հակասահմանադրական:
Բացի այդ, օրենքի գործադրմանը զուգընթաց մեծանալու է մեկ աշխատատեղի ինքնարժեքը, աճելու են գների եւ գործազրկության մակարդակները, թաքնված զբաղվածությունը եւ սեւ աշխատավարձերը, տուժելու է փխրուն գործարար միջավայրը: Նշված բացասական գործոնները խորացնելու է առանց այդ էլ լարված սոցիալական վիճակը` հանգեցնելով կապիտալի, աշխատունակ եւ բանիմաց մասնագետների հավելյալ արտահոսքին:
Նման գործընթաց սկսելը մինչեւ վերոհիշյալ հարցերի վերաբերյալ սահմանադրական արդարադատություն իրականացնող մարմնի՝ Սահմանադրական դատարանի դիրքորոշումը՝ իրավաչափ չէ, հարիր չէ ժողովրդավարական հասարակությանը եւ հանրության ու պետության համար կառաջացնի ծանր հետեւանքներ:
Սահմանադրական դատարանի կողմից այս հանգամանքներն անտեսելը եւ օրենքի գործադրումը չկասեցնելը նրան ակամայից կդարձնի նշված բացասական հետեւանքների առաջացմանը նպաստող եւ կխորացնի 2014 թվականի մարտի 28-ին նշանակված դատաքննության անաչառ որոշման նկատմամբ հասարակության անվստահությունը:
Առ այդ, հաշվի առնելով վերը նշվածը, Կոչ ենք անում Սահմանադրական դատարանին՝
1. կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչը ճանաչել Սահմանադրությանը հակասող եւ անվավեր, իսկ մինչ այդ կասեցնել այդ բաղադրիչը 2014 թվականի հունվարի 1-ից գործադրելու վերաբերյալ օրենսդրական դրույթները:
2. նշանակել եւ հրապարակել պարտադիր բաղադրիչի գործողությունը կասեցնելու վերաբերյալ միջնորդության քննարկման օրը եւ ժամը, ապահովել քննարկման թափանցիկությունն ու հրապարակայնությունը, այդ թվում՝ հնարավորություն տալ շահագրգիռ հանրությանը՝ ուղիղ եթերով եւ/կամ առցանց հետեւել միջնորդության քննարկման ընթացքին, լինել անաչառ եւ արդարացի որոշում կայացնել՝ ի շահ հանրության լայն զանգվածի:
Սույն հայտարարությունը Սահմանադրական դատարանին փոխանցելու համար լիազորում ենք Սահմանադրական դատարան դիմում ներկայացրած պատգամավորների պաշտոնական ներկայացուցիչներին: