կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-13 17:29
Քաղաքական

Մարդը չի կարողանում ապրել, դու գրաֆիկներով ապացուցում ես, որ մենք լա՞վ ենք ապրում

Մարդը չի կարողանում ապրել, դու գրաֆիկներով ապացուցում ես, որ մենք լա՞վ ենք ապրում

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանը, Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե ի՞նչ է նշանակում այն «փոխհրաձգությունը», որը սկսվել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու վարչապետ Տիգրան Սարգսյանի միջև, նշեց, որ իր մեկնաբանության լավագույն տարբերակը կլիներ վերհիշել «Մենք ենք, մեր սարերը» հայտնի գեղարվեստական կինոնկարի այն հատվածը, երբ Ֆրունզիկ Մկրտչյանը, մատը վերուվար անելով, բացականչում է. «Գիտահետազոտական, միտահետազոտական...էհեեեեեյ»:

 

Պատգամավորի համոզմամբ` վարչապետի մատնանշած գրաֆիկները ոչ մի մարդկային գործոնի հետ կապ չունեն. «Էդ ի՞նչ ես բացատրում, էդ ի՞նչ գրաֆիկներ ես ցույց տալիս: Մարդը չի կարողանում ապրել, դու գրաֆիկներով ապացուցում ես, որ մենք լավ ենք ապրում, բայց բիթի չե՞նք: Երբ երեխան քաղցած է լինում, մորից հաց է ուզում, ոչ թե ասում է` վարչապետի գունավոր գրաֆիկից տուր` ուտեմ: Ու ինչքան ուզում ես գրաֆիկ բացատրի, դեռ ոչ ոք գրաֆիկ չի կերել ու կշտացել»,- ասաց Լյովա Խաչատրյանը: Ըստ նրա` առաջ, եթե մարդիկ մեկ հաց էին կարողանում գնել, հիմա կեսն են կարողանում գնել:

 

Պատգամավորի կարծիքով` Ռոբերտ Քոչարյանը շատ դիպուկ է շարադրել իր փաստարկները: Ըստ նրա` այն ժամանակահատվածում, երբ նախագահել է Ռոբերտ Քոչարյանը, երկիրն ունեցել է զարգացում, և եթե ներկայիս իշխանությունները դա պահեին, ապա անհուսալի վիճակ երկրում չէր լինի:

 

Ինչ վերաբերում է շինարարական փուչիկին, ըստ պատգամավորի` փողն ինքն է որոշում` ուր գնալ, և պետք է ստեղծվեին նպաստավոր պայմաններ, որ փողը մտներ երկիր: Այնինչ` հիմա ոչ միայն գումար չի գալիս Հայաստան, այլեւ տնտեսվարողներն են փախչում երկրից ու գումարները տանում:

 

Պատգամավորի խոսքով` մարդն այնքան առաձգական է, որ կարող է շատ դիմանալ անտանելի պայմաններին, բայց դեռ որքա՞ն կարող է դիմանալ...

 

Խոսելով այն մասին, որ քաղաքական էլիտան չշտապեց պաշտպանել վարչապետին, Լյովա Խաչատրյանը նշեց. «Չեմ կարծում, որ երկրորդ նախագահի հետ հնարավոր է բանավիճել: Չեմ կարծում, որ ոչ միայն վարչապետը, այլեւ շատ շատերը կարող են հակաճառել Ռոբերտ Քոչարյանին, այն պարզ պատճառով, որ ինքը ճիշտ է ասում, իսկ ճշտին հեշտ չի պատասխանել»,- ասաց նա: