կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-09 17:59
Քաղաքական

Քոչարյանը Սերժ Սարգսյանի մոտ վարչապետ աշխատել կուզի՞

Քոչարյանը Սերժ Սարգսյանի մոտ վարչապետ աշխատել կուզի՞

ԲՀԿ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը շինարարության ծավալների ու երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ` Ռոբերտ Քոչարյանի գնահատականների հետ, ընդհանուր առմամբ, համաձայն է: Yerkir.am-ի հետ զրույցում նա ասաց, որ Ռոբերտ Քոչարյանն իր քննադատության հիմքում դրել է երեք հիմնական փաստարկ, որոնք ամբողջությամբ համապատասխանում են իրականությանը: Իսկ հարցազրույցով Քոչարյանը ուղերձ է հղել ոչ միայն վարչապետին, այլ նաեւ բազմաթիվ մարդկանց, որովհետև երկրում լուրջ խնդիրների մեղավորները մի շարք մարդիկ են:

 

Մեր հարցին` արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանի քննադատությունը նշանակում էր, որ նա հավակնում է վարչապետի պաշտոնին, Վարդան Բոստանջյանը պատասխանեց, որ քաղաքականության մեջ ոչինչ չի կարելի բացառել: «Ռոբերտ Քոչարյանի կողմից քաղաքական բարձր պաշտոնի հավակնելու հավանականությունը փոքր չէ, իսկ, ընդհանուր առմամբ, եթե այդպես լինի, կամ Ռոբերտ Քոչարյանը այդպիսի նպատակ ունենա` վերականգնել բնակչության բարեկեցությունը և տնտեսության վիճակը, ապա, կարծում եմ, մեր երկրի ցանկացած քաղաքացի դրան դրականորեն կարձագանքի»,- ասաց նա:

 

Մեր զրուցակցի համոզմամբ` Ռոբերտ Քոչարյանը Տիգրան Սարգսյանից հաստատ ավելի լավ կպաշտոնավարեր վարչապետի պաշտոնում: «Ռոբերտ Քոչարյանին «ունակ» բառը չի սազում, ինչի՞ մասին է խոսքը, նա միանշանակ գործ անող է»,- համոզված նշեց տնտեսագետը: Մեր հարցին` բայց մի՞թե Ռոբերտ Քոչարյանը կկիսի իշխանություն Սերժ Սարգսյանի հետ` համաձայնելով վարչապետի պաշտոնին, Վարդան Բոստանջյանը պատասխանեց. «Կարծես, Ռոբերտ Քոչարյանը ստեղծված է, այո, միանձնյա առաջնորդ լինելու համար»: