Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեւանում երիտասարդը, իրոք, հեռանկար չի տեսնում, սա էլ ծնում է լուրջ վտանգ' արտագաղթի չափերի ավելացման տեսանկյունից. լրագրողներին այսօր ասաց ՀՅԴ Երեւանի մարզային կոմիտեի անդամ Արթուր Ղազարյանը:
Նրա դիտարկմամբ' Երեւանում երիտասարդներն այսօր սոցիալական բազմաթիվ խնդիրներ ունեն' բնակարանով ապահովման խնդրից սկսած, վերջացրած ժամանցի վայրերի բացակայությամբ:
Ըստ Ղազարյանի` բնակարանաշինության հարցով կառավարությունն ինչ-որ չափով զբաղվում է, սակայն նա համոզմունք հայտնեց, որ Երեւանի քաղաքապետարանը` որպես տեղական իշխանություն, ընդհանրապես չի անդրադառնում այս խնդրին: «Իսկ մենք համոզված ենք, որ քաղաքային իշխանություններն ի վիճակի են այդ հարցը լուծել»,- նշեց նա' հավելելով, որ հնարավոր է` երիտասարդ ընտանիքների` բնակարանով ապահովվածությունը 2,5 տոկոսից բարձրացնել` նվազագույնը 10 տոկոսի:
Արթուր Ղազարյանը անդրադարձավ նաեւ երիտասարդության զբաղվածության խնդիրներին` նշելով, որ քաղաքային իշխանությունները շարունակում են աչք փակել իրավիճակի վրա: «Այնինչ, հանրային քննարկման ժամանակ մեզ ասում էին' եթե առաջարկ ունեք, ներկայացրե'ք առաջարկները' զբաղվածության խնդրի հետ կապված»,- տեղեկացրեց բանախոսը:
Ամեն դեպքում, ըստ ՀՅԴ Երեւանի մարզային կոմիտեի անդամի, Երեւանի զարգացման` քաղաքապետարանի հայեցակարգը մարդակենտրոն չէ, այսինքն` մարդուն ու քաղաքացուն չի փորձում ծառայել:
Լուսանկարը' Panarmenian photo-ի