կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-15 11:55
Քաղաքական

ՀՅԴ-ն կասկածներ ունի, որ արտահերթ նիստը իշխանությունները կտապալեն

ՀՅԴ-ն կասկածներ ունի, որ արտահերթ նիստը իշխանությունները կտապալեն

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ԱԺ ավանդական ճեպազրույցում, խոսելով բյուջեի մասին, 2014թ. բյուջեն 5 բալանոց սանդղակով գնահատեց անբավարար, որովհետև այն չի բավարարում երկրում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը:

 

«Մենք ուշի ուշով հետևում ենք ու խոշորացույցով ընկած որևէ դրական բան ենք ման գալիս բյուջեի փաստաթղթում և գտել ենք ընդամենը երկու դրական կետ»,- ասաց Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ այդ կետերն են աշխատավարձերի բարձրացման միասնական սանդղակի ձևավորումը, որը բերեց համաչափություն այդ համակարգում: Իսկ երկրորդ դրական կետը բուհերի վարկանիշավորումն է, երբ բուհերի վարկանիշը սահմանվելու է ըստ այն ցուցանիշի, թե տվյալ բուհն ավարտողներից քանիսն են անցել աշխատանքի ըստ մասնագիտության: 

 

Նա նշեց, որ ՀՅԴ-ն ներկայացնելու է առաջարկություններ, կան մի քանի համատեղ նախաձեռնություններ, որոնք դեռ բանակցությունների փուլում են: Արմեն Ռուստամյանն ասաց, որ ծրագրում են մի քանի կուսակցություններով միանալ ու համատեղ առաջարկություններ ներկայացնել, որովհետև փորձը ցույց է տվել, որ նման մեթոդով կարող են ինչ-որ բան տեղից շարժել: «Ակնկալում ենք, որ այսօրվա նիստը կգումարվի, թեև լուրջ կասկածներ ունենք, որ այն կարող է տեղի չունենալ: Իշխանությունները խուսափում են այն քննարկումներից, որոնցում կարող է դրսևորվել իրենց ծրագրերի խոցելիությունը»,- նշեց պատգամավորը` չբացառելով, որ հանրապետականները չգան արտահերթ նիստին, որովհետև ծանոթ են իրենց ծրագրին:

 

Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանական չորս ուժեր հրավիրել են արտահերթ նիստ` կենսաթոշակների պարտադիր կուտակային համակարգի կիրառումը մեկ տարով հետաձգելու նպատակով: