կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-04 14:25
Քաղաքական

Նայած քաղաքականություն, նայած վիճակ. Կամո Արեյանի պատասխանը

Նայած քաղաքականություն, նայած վիճակ. Կամո Արեյանի պատասխանը

Տրանսպորտի սակագնի հարցով հանձնաժողովը մանրակրկիտ հաշվի է առնում բոլոր փոփոխությունները, առաջարկները, վերլուծությունները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը` պատասխանելով տրանսպորտի սակագնի բարձրացման վերաբերյալ հարցին: Նրա խոսքով` հանձնաժողովում ներկայացված են տարբեր սոցիալական շերտերի շահերը ներկայացնող մասնագետներ, տարբեր  ՀԿ-ներ, ու քանի դեռ չի ավարտվել հանձնաժողովի աշխատանքը, հնարավոր չէ ասել, թե որքան կբարձրանա տրանսպորտի սակագինը:

 

«Տարբեր հաշվարկներ կան, վերին շեմ չեմ կարող ասել, կա հաշվարկ` 120, 130, 150 դրամ»,- ասաց Կամո Արեյանը: Նրա անձնական կարծիքով` 100 դրամ ուղեվարձն այսօր չի բավարարում շահագործման ծախսերը փակելու համար: Փոխքաղաքապետը համաձայնեց այն դիտարկմանը, որ տրանսպորտի ծառայություններն անորակ են, մարդիկ կքած են երթևեկում, միկրոավտոբուսների վիճակն էլ անհուսալի է:

 

Հարցին, թե ինչո՞ւ այս ընթացքում չեն ուղղվել որակի հետ կապված խնդիրներն ու թերությունները, Կամո Արեյանը պատասխանեց, որ մի օր պետք է անդրադառնային այդ հարցին` հավաքելով կամք ու հետևողականություն: Նրա համոզմամբ` ուղեվարձի բարձրացումը ենթադրում է նաև քաղաքացիների ճիշտ պահանջ` որակի հետ կապված, իսկ որակյալ ծառայությունը բերում է նոր ծախս: Ուղեվարձը բարձրացնելով` կձերբազատվեն միկրոավտոբուսներից, ոլորտը կհամալրվի մեծ և միջին տեղատարողությամբ ավտոբուսներով, որոնք էլ կապահովեն լիարժեք երթևեկություն:

 

Իսկ թե ինչո՞ւ պետությունը չի սուբսիդավորում տրանսպորտի ոլորտը, այնպես, ինչպես դա արվում է այլ երկրներում, Կամո Արեյանը նշեց, որ Հայաստանում պետությունը մասամբ սուբսիդավորում է միայն մետրոպոլիտենը և էլեկտրատրանսպորտը, սակայն քաղաքային տրանսպորտը չի սուբսիդավորվում: «Դե հիմա` այսպիսին է այսօր իրավիճակը` նայած երկրի քաղաքականություն, նայած վիճակ»,- ասաց փոխքաղաքապետը:

 

Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ վիրավորական է համեմատությունն այլ երկրների հետ, և ինքը` որպես հայ, չի երազել նմանվել որևէ այլ երկրի քաղաքացու: Ըստ նրա`   նույն Վրաստանը շատ բաներ ունի Հայաստանից ընդօրինակելու: «Պետք չի հրապուրվել այլ երկրի օրինակով, մենք ունենք ռեֆորմներ` շատ ավելի հիմնավոր, դրական և օրինակելի, դա են վկայում միջազգային կառույցների գնահատականները»,- ասաց Արեյանը:

 

Լրագրողները հետաքրքրվեցին` արդյոք՞ նա հիմա երթևեկում է հասարակական տրասպորտով: Փոխքաղաքապետը պատասխանեց, որ երթևեկել է, բայց հիմա մեծ մասամբ շրջում է ծառայողական մեքենայով: