կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-28 18:29
Առանց Կատեգորիա

Ինչո՞ւ ձերբակալվեց Դավիթ Վարդանյանը

Ինչո՞ւ ձերբակալվեց Դավիթ Վարդանյանը

ՀՀ սպորտի և երիտասարդության նախարար Յուրի Վարդանյանի որդու կողմից Իրան-Հայաստան սահմանակետով թմրանյութի մեծ քանակ անցկացնելու ձախողված փորձը մտորումների տեղիք է տալիս: Ի վերջո, մարդը պատահական մեկը չէ, այլ նախարարի որդի: Որքան էլ մտածենք, թե ծնողը պատասխանատու չէ որդու արարքների համար կամ հակառակը, միևնույն է, սա այն դեպքն է, երբ պատասխանատվությունից նման կերպ խուսափելը` իբր տեսեք-տեսեք, նախարար հայրը չի միջամտում, մեղմ ասած, ծիծաղելի է: Նախարար հայրն, իհարկե, ի ցույց ամենքի, չի «միջամտում», որովհետև ինքն իր համար չի կարողանում գտնել «էս ո՞նց եղավ, ինչո՞ւ ոմանց կարելի է, իսկ իր որդուն` ոչ, ինչո՞ւ ոմանք չբռնվեցին, իսկ իր որդին բռնվեց» հարցերի պատասխանները:

 

Թե' նախարար հայրը և թե' նրա որդին շատ լավ գիտեն, թե թմրանյութերի առքուվաճառքով զբաղվելը ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ, եթե, իհարկե, որդու մեղքն ապացուցվի: Բայց փաստ է, որ «եթե»-ն իրենց հաշվարկներում չի եղել: Ինչո՞ւ: Պարզվում է` որդին շատ ինքնավստահ է եղել, որ նախարար հոր հանգամանքն արդեն իսկ իր համար լուրջ տանիք է, և չի դիմացել արագ հարստանալու գայթակղությանը:

 

Ի վերջո, մարդը նախարարի տղա է, հետո՞ ինչ, որ «գործազուրկ է ու անվճարունակ», բայց մեկ է` պատիվ չի բերում, որ հայտնի պատգամավորների, նախարարների, օլիգարխների զավակների հետ շփման ժամանակ խեղճ մնա: Անշուշտ, Յուրի Վարդանյանի տղան կարող էր այլ «գործ բռնել», ավելի մաքուր կամ պատվաբեր ոլորտ, որտեղ հոր «տանիք» լինելը նրա համար մեծ հորիզոններ կբացեր, բայց եկեք խոստովանենք` բոլոր ոլորտները զբաղեցված են, չի բացառվում նաև թմրանյութի առքուվաճառքի ոլորտը ևս, որն էլ, հավանաբար, նրա ձերբակալման պատճառ դարձավ:

 

Մեկ բան, այնուամենայնիվ, Վարդանյանները հաշվի չէին առել` երկար ժամանակ բացակայելով Հայաստանից և ԱՄՆ-ում լինելով Հայաստանի դեմ ակտիվ պայքարողների առաջին շարքերում` չէին կարող մտքի ծայրով իսկ անցկացնել, որ այստեղ բոլոր ոլորտները իրար մեջ վաղուց բաժանված են և, դեռ ամբողջովին յուրային չդարձած, որևէ ոլորտ գողեգող մտնելը հղի է անկանխատեսելի հետևանքներով:

 

Ուշագրավ է, որ Դավիթին ձերբակալեցին հենց Հայաստանի սահմանին:

 

Չնայած Դավիթի` նախարարի որդի լինելու հանգամանքին` նրան, հավանաբար, կդատեն, իսկ հոր պատվի համար նրան ընդամենը չցուցադրեցին 02-ի «Հերթապահ մասով» և ոչ էլ Գագիկ Շամշյանին էքսկլուզիվ հայտնեցին` «Սուր անկյան» համար: Սրանք լուրջ զիջումներ են, որ, որպես լավություն, արվեցին նախարարին, կամ պարզապես նախարարն այդքանով կարողացավ «տանիք» լինել որդու համար:

 

Բ. Գասպարյան