Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ին ՀԱՕԿ-ից տեղեկացրել են, որ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն չի ընդունում և չի ճանաչում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության արդյունքները: Մեզ տրամադրված հայտարարության մեջ ասվում է.
«Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններն անց են կացվել մի շարք խախտումներով ու բացթողումներով: Այս ընտրությունն անցկացվել է պետական կառույցի անմիջական ներգրավվածությամբ ու ազդեցության ներքո, ինչը անթույլատրելի է, ավելին հակասում է օրենքին: Ֆեդերացիայի նախագահի ընտրությունն անցկացվել է Ազգային անվտանգության խորհրդի շենքում, խիստ գաղտնիության պայմաններում և արգելված է եղել անգամ լրատվամիջոցների և կոնֆերանսի բազմաթիվ անդամների մուտքը:
Ֆեդերացիայի նիստը կայացվել է առանց պատշաճ իրազեկման: Մարզական ֆեդերացիայի նախագահի ընտրությունը կատարվել է կոպիտ միջամտության պայմաններում: Մասնավորապես` ֆեդերացիայի նախագահ է ընտրվել երկրի բարձրաստիճան պաշտոնյան, նիստը կայացվել է պետական փակ ռեժիմով հաստատության շենքում, այն դեպքում, երբ անգամ երկրի նախագահը, ով նաև Շախմատի ֆեդերացիայի նախագահն է հանդիսանում, ֆեդերացիայի նիստերին մասնակցելու համար այցելում է շախմատի տուն, որը բաց և հասանելի է հանրության ու լրատվամիջոցների համար:
Համաժողովի մասնակիցների մուտքը հսկվել է անվտանգության աշխատակիցների կողմից, և վերջապես` ընտրությունները անցել են գործադիր իշխանության ներկայացուցչի` սպորտի նախարարի ուղղակի մասնակցության պայմաններում: Օլիմպիական կարևորագույն սկզբունքներից մեկը ֆեդերացիաների, որպես հասարակական կառույցների անկախությունն է և գործադիր ու իշխանության այլ ճյուղերից անկախ գործելու պահանջը: Խախտումների շարքը դեռ շատ երկար կարելի է շարունակել, սակայն կարծում ենք այսքանն էլ բավարար է: Այս կետերը ուղղակիորեն ամենակոպիտ կերպով հակասում են Միջազգային օլիմպիական կոմիտեի սկբունքներին և օլիմպիական խարտիային: Մեր խնդիրն է ուղղակի զգուշացնել, որ նմանատիպ խայտառակ ընտրություն անցկացնելու որոշումը հանգեցնելու է միջազգային սկանդալի` մարզական ոլորտում: Մեզ արդեն իսկ ահազանգել են տարբեր միջազգային կառույցների ներկայացուցիչներ, ովքեր իրենց տարակուսանքն են հայտնել նման ընթացակարգով անցկացված ընտրության հետ կապված:
ՀԱՕԿ-ը, ցավ է ապրում, որ միջազգային ասպարեզում վտանգված է մեր երկրի մարզական հեղինակությունը, քանի որ մենք այդ հեղինակությունը դժվարությամբ ենք վաստակել, տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Մի բան վստահ կարող ենք ասել, որ որևէ մեկի անձնական շահը չի կարող գերադասվել երկրի միջազգային հեղինակությունը վտանգի տակ դնելու հարցից:
Ուզում ենք ընդգծել` ՀԱՕԿ-ը չի դրել և չի դնելու որևէ անձնական հարց: Խնդիրն ընդամենը օրինականության, ընթացակարգերի պահպանման և միջազգային օլիմպիական սկզբունքներին հավատարիմ մնալու մեջ է: Ոչ մեկի քմահաճույքը չի կարող վտանգել մեր երկրի մարզական հեղինակությունը: ՀԱՕԿ-ը վճռական է հետամուտ լինել խնդրի իրավական կարգավորմանը և ՀԱՕԿ-ը սկսում է սահմանված կարգով ֆեդերացիայի հետկանչը վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայից»: