կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-26 17:24
Մշակույթ

Թյուրիմացաբար օրենքը խախտեցին. Կարեն Մանուչարյան

Թյուրիմացաբար օրենքը խախտեցին. Կարեն Մանուչարյան

Կոմպոզիտորների միության համագումարի օրակարգային հարցերից մեկն էլ վերջին տարիների ֆինանսական հաշվետվությունը ներկայացնելն էր: Հաշվետվությունը ներկայացնելուց հետո համագումարը նախահագող կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը կոչ արեց քվեարկել` որոշելու համար` ընդունե՞լ հաշվետվությունը, թե՞ ոչ:

 

Ի դեպ, դահլիճում էր նաեւ իրավաբան Կարեն Մանուչարյանը, ով կոմպոզիտորների միության 5 անդամների կողմից լիազորված էր հաշվետվության մասին հարցերի դեպքում դիմել ելույթ ունեցողին: Սակայն, արդեն տեղեկացրել ենք, Բալյանը զրկեց նրան ձայնի իրավունքից:

 

Մանուչարյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ այն, ինչ այսօր տեղի ունեցավ Կոմպոզիտորների միության համագումարի ընթացքում, ակնհայտ ապօրինություն է:

 

«Նախագահողի կողմից ես զրկվեցի ելույթ ունենալուց, սակայն ես լիազորված եմ 5 կոմպոզիտորների անունից հանդես գալ: Խնդիրը նրանում է, որ հնչեց ոչ թե հաշվետվություն, այլ ուղղակի իրազեկում: Հարց է առաջանում` արդյոք այս իրազեկումն ո՞ւմ կողմից է ներկայացված, քանի որ իրազեկումը պետք է ներկայացվի ըստ կանոնադրության եւ ՀԿ-ի մասին օրենքի` վերստուգիչ հանձնաժողովի կողմից, որը բացակայում էր: Որեւէ քննարկման դնել այդ իրազեկումը եւ հաստատել այն համագումարը լիազորություն չունի»,- ասաց Մանուչարյանը:

 

Ըստ գործող Սահմանադրության` յուրաքանչյուր անձ իրավունք ունի ստանալու իրավաբանական օգնություն, որը, սակայն, Մանուչարյանի պնդմամբ, խախտեց համագումարի նախագահողը` իրեն հարցեր տալուց զրկելով:

 

Բացի դրանից, ըստ Մանուչարյանի, Ռոբերտ Ամիրխայանի ելույթից անմիջապես հետո որեւէ քննարկում տեղի չունեցավ, քանի որ զեկույցից հետո Ամիրխանյանը հեռացավ դահլիճից, այդպիսով, Մանուչարյանի հավաստմամբ, խախտեց համագումարի օրակարգը:

 

«Ես պետք է իրազեկեմ, որ համագումարի անցկացման ծանուցման խնդիրները նույնպես ոտնահարվել են, քանի որ չի պահպանվել այն պահանջը, ըստ որի` պետք է օրակարգային խնդիրներն առնվազն 14 օրվա ընթացքում, ինչպես նաեւ համագումարի անցկացման վայրի եւ ժամի մասին նամակով իրազեկված լինեին մասնակիցները»,- ասաց Մանուչարյանը:

 

Նրա գնահատմամբ` համագումարի նախագահողի կողմից իրեն ձայնից զրկելը թյուրիմացություն է: