կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-23 15:18
Քաղաքական

Ռուստամյանն ափսոսում է Փոստանջյանի համար

Ռուստամյանն ափսոսում է Փոստանջյանի համար

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ափսոսում է, որ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը չի լինելու ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմում:

 

«Անկախ ամեն ինչից, ով ինչ գնահատական կտա, ափսոսում եմ, որ Զարուհին այնտեղ չի լինի, քանի որ կար մի դաշտ, որը նա շատ լավ էր իրականացնում, ինչ-որ տեղ անգամ անգերազանցելի էր»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Ռուստամյանը:

 

ՀՅԴ խմբակցության ղեկավարը, ով նաև ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ է, նշեց, որ հայկական պատվիրակությունը ԵԽԽՎ-ում խնդիր ունի հանդես գալու հայտարարություններով` տարբեր բանաձևեր ընդունելու համար առաջարկություններ ներկայացնելով, ինչը ենթադրում է ստորագրահավաքի անցկացում և այլն:

 

«Այդ ստորագրահավաքը հեշտ չէ իրականացնել Եվրոպայի խորհրդում, մանավանդ, եթե դա մեր ազգային շահերի, կարևոր հարցերի համար է պետք: Զարուհին այդ ժամանակ իսկապես աշխատել է բոլորից ավելի լավ»,- ասաց նա:

 

Հարցին, թե մյուս պատգամավորներից որևէ մեկը կարո՞ղ է փոխարինել Զարուհի Փոստանջյանին, Ռուստամյանը պատասխանեց, որ չի կարող ասել, թե ինչ կլինի հետագայում. «Վաղը հնարավոր է բոլորն ակտիվանան և կարողանան ստորագրահավաքը հասցնել 80-90 տոկոս մակարդակի, որին ես շատ խիստ կասկածում եմ, բայց ի՞նչ իմանաս` վաղն ինչ կլինի»:

 

Պատգամավորի խոսքով` Ազգային ժողովի նախագահը վերաձևավորել է պատվիրակությունները, ինչի արդյունքում ԵԽԽՎ պատվիրակությունն է ակնառու փոփոխություն կրել: