Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Դարակազմիկ ընդհարումից ընդամենը մի քանի օր առաջ ամերիկյան Curiosity մարսագնացը մեծ քանակությամբ ջուր հայտնաբերեց Կարմիր մոլորակի մակերևույթին: Մարսագնացը նմուշ վերցրեց մոլորակի գրունտից, որում, պարզվեց` ջրի մասնաբաժինը կազմել է 2 տոկոս: Ավելին` նշվում է, որ նման գրունտը բնորոշ է ողջ Մարսին, ինչը կարող է ջրով ապահովել ապագա բնակիչներին: Հետաքրքիր է, չէ՞, մարդկությունը թևակոխում է հայտնագործությունների մի նոր դարաշրջան: Մոտ ապագայում, հնարավոր է, Մարսի վրա բնակավայրեր հիմնվեն: Իհարկե, դեռ պարզ չէ` դրանք կհիմնվեն մարդկանց ազատ կամքո՞վ, թե՞ դա կլինի մի նոր Ամերիկա կամ Ալթայի երկրամաս, բայց դա էլ չէ կարևորը, այլ այն, որ դարակազմիկ ընդհարումից ընդամենը մի քանի օր առաջ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնին նրա քաղաքական ընդդիմախոսները մեղադրեցին նրանում, որ վարչապետը չգիտի, թե սուպերմարկետներում որքան արժի հացը: Ճիշտ է, վարչապետը ջանացել էր գտնել «գլուխկոտրուկի» ճիշտ պատասխանը, բայց, այնուամենայնիվ, հետո որոշել էր չստել և ասել բուն ճշմարտությունը: Նա էլ Բրիտանական LBC ռադիոկայանի լրագրողին անկեղծորեն խոստովանել էր, որ չգիտի, քանի որ ինքը օգտվում է հաց թխելու սարքից: Նույնիսկ պատմել է, թե ինչ մակնիշի սարք եւ ինչ որակի ալյուր է օգտագործում:
Դարակազմիկ ընդհարումից առաջ ամեն ինչ խառնվեց իրար: Մինչ Զորի Գայկովիչը նամակ էր գրում Պուտինին, իսկ Պուտինը մտմտում էր` կարդա՞լ, թե՞ չկարդալ, պատասխանե՞լ, թե` ոչ, ՀՀ նախագահը մասնակցում էր Վիլֆրիդ Մարտենսի՝ ԵԺԿ նախագահի թաղման արարողությունը, մինչ ազգիս ընտրյալները քննարկում էին էլ ինչպե՞ս պատասխանեն չարաճճի Զարուհի Փոստանջյանի արարքին, մինչ Հանրային հեռուստաընկերության 1-ին լրատվականի լրագրող Արթուր Գրիգորյանը ջանում էր հերթական թողարկման ժամանակ ազգային բանակի ձեռքբերումներով և մարտական պատրաստվածության մասին իր ռեպորտաժով հպարտություն և վստահություն ներշնչել, ինչու չէ նաև փըշտ աներ մեր ոչ բարով հարևաններին, Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան (պարզվում է` կա այդպիսի ֆեդերացիա) սուսիկ- փուսիկ համագումար հրավիրեց և Անվտանգության խորհրդի քարտուղարին կարգեց Ֆեդերացիայի նախագահ, որի անակնկալ որոշումը հունից հանեց ՀԱՕԿ-ի նախագահին: Զարմանալի է, որ ՀԱՕԿ-ի նախագահը նյարդայնացել է ինչ որ չեղած մի ֆեդերացիայի որոշումից: Չէ՞ որ, եթե Արթուր Բաղդասարյանը կարող է լինել Անվտանգության խորհրդի քարտուղար, ինչո՞ւ չի կարող լինել վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահ: Վերջապես բոլորն են ուզում դառնալ նախագահ:
Բայց, ինչպես ասում են, նախագահի նոր պաշտոնը ծանր նստեց, քան` ԱԽ քարտուղարինը: Եղավ ընդհարում, տղամարդկային բանավեճ` գենդերային երանգներով համեմված, որը կայծակնային արագությամբ տարածվեց վերևից ներքև, ներքևից դուրս, դրսից` համացանց, համացանցից … Տեսնես, Մարսի վրա մոտ ապագայում հնարավո՞ր է նախագահ դառնալ, թեկուզ` «Գրունտային ջրերի օգտագործողների միության», կամ ԱԽ քարտուղարը արդյո՞ք տեղյակ է, թե կես կիլոգրամանոց հացը խանութներում քանի գրամ է կշռում: Գինը, այս դեպքում, էական չէ:
Հենց այդ` դարակազմիկ ընդհարումից առաջ կինոռեժիսոր Արտակ Զաքարյանը հայտարարություն տարածեց, որ սկսում են «Անպետքը» նոր կարճամետրաժ կինոնկարի նկարահանման աշխատանքները, և խնդրում էր բոլոր նրանց, ովքեր հայտնել էին իրենց ներդնման մասին, կատարել ներդրումները, իսկ բոլոր նրանց, ովքեր դեռ չեն միացել, շտապեն միանալ:
Դարակազմիկ ընդհարումը պարտավորեցնում է արագացնել ֆիլմի աշխատանքների մեկնարկը: Իսկ առայժմ` դարակազմիկ ընդհարումից հետո հնչել է առաջին և միակ հրաժարականը: Վարդան Մինասյանը այլևս չի ղեկավարի Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը: Հիմա կհարցնեք, թե Վարդան Մինասյանն ի՞նչ կապ ուներ այս ամբողջի հետ: Ուներ. նա անպետք չէր: Նրա ծառայություններով հետաքրքրված են արտերկրում, իսկ առաջիկայում «Անպետքը» կարող է մեզ մոտ թրիլեր դառնալ:
Հարություն Հարությունյան