կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-04 12:20
Քաղաքական

Կուսակցությունն ինքն իր համար չէ. Աղվան Վարդանյան

Կուսակցությունն ինքն իր համար չէ. Աղվան Վարդանյան

ԱԺ ավանդական ճեպազրույցում լրագրողները հերթական անգամ անդրադարձան ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանի` Գերմանիայում դեսպան նշանակվելուն:

 

Լրագրողներից մեկին, մասնավորապես հետաքրքրում էր, թե հնարավո՞ր է` դրանից հետո ՀՅԴ-ն փոխի իր դիրքորոշումները: «Այսքան ժամանակ դուք տեսե՞լ եք, որ որեւէ հարցում մեր դիրքորոշումները փոխվեն, տեսե՞լ եք, որ մենք ասենք, թե իշխանափոխություն պետք չէ մեր երկրում»,- նշեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

 

Նա լրագրողներին հիշեցրեց, որ թեմայի վերաբերյալ Վահան Հովհաննիսյանը բազմիցս խոսել է, հարցազրույցներ տվել, մամուլի  ասուլիս հրավիրել: «Ինձ համար մեկ բան է կարեւոր` Վահան Հովհաննիսյանի դեսպան դառնալը կարեւոր երկրներից մեկում օգո՞ւտ է մեր երկրին, թե՞ ոչ: Համոզված եմ, որ դուք էլ կողմ կլինեիք, որ մեր բոլոր դեսպաններն ունենային նրա փորձառությունը, կարողությունները, առահասարակ, պետական կառավարման համակարգում էլ մարդիկ դարձյալ իրենց հատկություններով, աշխարհայացքով մոտ լինեին պարոն  Հովհաննիսյանին: Իհարկե, Վահան Հովհաննիսյանի` դեսպան նշանակվելուց երկիրը կշահի»,- հայտարարեց Աղվան Վարդանյանը:

 

Նա անդրադարձավ այն խնդրին, թե արդյո՞ք չի տուժի դրանից ՀՅԴ-ն: «Կտուժի՞ դաշնակցությունը: Գուցեեւ տուժի, բայց կուսակցությունն ինքն իր համար չէ, երկրի եւ պետականության համար է: Ոչինչ, դրան էլ կդիմանանք, հանգիստ եղեք»,- ասաց դաշնակցական պատգամավորը: Նա խորհուրդ տվեց այս հարցի առումով դուրս գալ պարզամիտ, պրիմիտիվ մոտեցումներից: