կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-03 16:30
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մեծարելու է լեգենդար ''ԱՐԱՐԱՏ-73''-ին

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան մեծարելու է լեգենդար ''ԱՐԱՐԱՏ-73''-ին

40 տարի առաջ` 1973 թվականի հոկտեմբերի 10-ին, Մոսկվայի Վ. Ի. Լենինի անվան կենտրոնական մարզադաշտում կայացավ Երեւանի «Արարատի» եւ Կիեւի «Դինամոյի» պատմական հանդիպումը, որտեղ Երեւանի «Արարատը», 2:1 հաշվով հաղթելով Կիեւի «Դինամոյին», նվաճեց Խորհրդային Միության բյուրեղապակյա գավաթը: Այսօր էլ հայկական ֆուտբոլի երկրպագուների հիշողության մեջ թարմ են  «Արարատի» անզուգական խաղն ու Լեւոն Իշտոյանի երկու հաղթական գոլերը:

 

Այդ հանդիպումից օրեր անց Երեւանի «Հրազդան» մարզադաշտում կայացավ Երեւանի «Արարատի» եւ Լենինգրադի «Զենիթի» հանդիպումը. «Արարատի» անփոխարինելի ավագ Հովհաննես Զանազանյանի եւ Էդուարդ Մարգարովի հրաշալի գոլերի արդյունքում 3:2 հաշվով հաղթելով լենինգրադցիներին` «Արարատը» նվաճեց նաեւ Խորհրդային Միության չեմպիոնի տիտղոսը:

 

Երեւանի «Արարատը դարձավ 6-րդ թիմը, որը մեկ խաղաշրջանում նվաճեց ԽՍՀՄ չեմպիոնի եւ ԽՍՀՄ գավաթակրի տիտղոսները:


«Հայկական ֆուտբոլի լեգենդը՝ Արարատ-73-ը, 40 տարի անց,  հոկտեմբերի 10-ին. ՄԵԾԱՐՈՒՄ ». այս խորագրով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան «Արարատի» փառահեղ հաղթանակի օրը` հոկտեմբերի 10-ին, կմեծարի հայկական ֆուտբոլի լեգենդար թիմի ֆուտբոլիստներին, մարզիչներին, վետերաններին. հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:


 ՀՖՖ նախագահի հրավերով Երեւան կժամանի լեգենդար մարզիչ Նիկիտա Սիմոնյանը:  Տարբեր երկրներից Երեւան կժամանեն նաեւ «Արարատ-73»-ի աստղեր Լեւոն Իշտոյանը, Սերգեյ Բոնդարենկոն, Նազար Պետրոսյանը, Արմեն Սարգսյանը, Արկադի Հարությունյանը, եւ թիմը՝ իր հռչակավոր գլխավոր մարզչի ղեկավարությամբ, կրկին կհավաքվի մեկ հարկի տակ:

 

Տոնական հանդիսավոր երեկոյին սպասվում են բազմաթիվ անակնկալներ եւ հաճելի պահեր, որոնք ընդմիշտ կմնան մասնակիցների հիշողության մեջ: