Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Սեպտեմբերի 24-ին Մոսկվայի «Ռենեսանս Մոնարխ» հյուրանոցային համալիրի շքասրահում տեղի ունեցավ ՀՀ Անկախության 22-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն, որին մասնակցեցին ՌԴ պետական կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ, դիվանագետներ, Ռուսաստանի հասարակական եւ մշակութային ոլորտի նշանավոր գործիչներ եւ Մոսկվայի հայ համայնքի անվանի ներկայացուցիչներ. հայտնում է ՀՀ ԱԳՆ կայքը:
Անկախության 22-րդ տարեդարձի առթիվ ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը ներկաներին ուղղված իր ելույթում նշեց Անկախության օրվա խորհրդի կարեւորությունը հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ: ՌԴ-ում ՀՀ դեսպանն իր խոսքում անդրադարձավ նաեւ հայ-ռուսական դարավոր բարեկամությանը եւ երկու պետությունների միջեւ դաշնակցային գործընկերության զարգացման հեռանկարներին:
ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինն իր ելույթում ընդգծեց, որ երկու բարեկամ ժողովուրդներն ունեն փոխգործակցության եւ երկուստեք աջակցության հարուստ անցյալ, իսկ պետական մակարդակում ռազմավարական գործընկերությունն ինչպես անկախության ձեռքբերման առաջին տարիներին, այնպես էլ այսօր շարունակվում է բարձր արդյունավետությամբ, ինչի մասին են վկայում Ռուսաստանի եւ Հայաստանի բարձրաստիճան ղեկավարության միջեւ տեղի ունեցող հանդիպումները: Ըստ Գ.Կարասինի` երկու ռազմավարական գործընկերների միջեւ բազմոլորտ փոխգործակցության շրջանակը տարեցտարի ավելի է ընդլայնվում` ընդգրկելով համագործակցության նորանոր բնագավառներ եւ մեխանիզմներ:
ՀՀ Անկախությանը նվիրված միջոցառումներ եղան նաև Ֆրանսիայւոմ: Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը, ինչպես նաեւ Ֆրանսիայում գործող հայկական մշակութային հաստատությունները ՀՀ Անկախության օրվա առթիվ Ֆրանսիայի մի շարք քաղաքներում անցկացրին տոնական բազմաթիվ միջոցառումներ:
Սեպտեմբերի 21-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության եւ Ֆրանսիայի հյուսիսում գտնվող Կոմպիեն քաղաքի համագործակցությամբ կայացավ «Խաչքարերի արվեստ» ցուցահանդեսի բացումը:
Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Կոմպիենի քաղաքապետ, Ֆրանսայի սենատի անդամ Ֆիլիպ Մարինին, Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ եւ բազմաթիվ կոմպիենցիներ:
Դեսպան Չիտեչյանն իր ելույթում ընդգծեց, որ Հայաստանի համար այս նշանակալի օրը Կոմպիենում նշելու որոշումը հայ-ֆրանսիական հարաբերություններում ապակենտրոնացված համագործակցության կարեւորության վկայությունն է:
Միջոցառման պաշտոնական մասի ավարտից հետո դեսպան Չիտեչյանը եւ սենատոր Մարինին զրուցեցին Կոմպիենում եւ շրջակայքում ապրող ՀՀ քաղաքացիների հետ, ում համար դեսպանության կողմից այս տարի ՀՀ անկախության օրը Փարիզում կամ այլ հայաշատ քաղաքում չանցկացնելու որոշումը հաճելի անակնկալ էր հանդիսացել:
Նույն օրը Ֆրանսիայի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը համարվող Ռոքբրյուն-սյուր-Արժանսի քաղաքապետարանի որոշմամբ եւ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության հովանավորության ներքո ՀՀ Անկախության օրը` սեպտեմբերի 21-ին, քաղաքի կենտրոնական հրապարակում տեղի ունեցավ խաչքարի տեղադրման հանդիսավոր արարողություն։
Ֆրանսիայի հարավում գտնվող Ռոքբրյուն-սյուր-Արժանսն իր միջնադարյան դիմագծերը լավագույնս պահպանած մի քաղաք է, ուր գործնականում չկա ֆրանսահայ համայնք, եւ որն ընդունում է տարեկան հարյուր հազարավոր զբոսաշրջիկներ:
Անկախության տոնին նվիրված միջոցառումներ կայացան նաեւ Մարսել, Լիոն, Վալանս, Ալֆորվիլ, Իսի լե Մուլինո եւ այլ հայաշատ քաղաքներում: