կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-12 17:45
Առանց Կատեգորիա

Թափոնի մասին

Թափոնի մասին

Մարդու կենսագործունեության բնագավառներից քչերն են անթափոն: Բայց, մյուս կողմից էլ, ընդամենը մեկ ձեռքի մատների վրա կարելի է հաշվել այն բնագավառները, որոնցում թափոնը գերազանցում է օգտակար «պրոդուկտի» ծավալը: Այդ բնագավառներից մեկը, որքան էլ զարմանալի թվա, ժուռնալիստիկան է: Այստեղ մեկ նորմալ նյութին (հոդված, վերլուծություն, ակնարկ, ռեպորտաժ, հարցազրույց) հասնում է մոտավորապես 20-25 հիմարություն: Այս ցուցանիշով ժուռնալիստիկան (հայկականը) կարող է համեմատվել միայն քաղաքականության (հայկական) հետ, մի տարբերությամբ, որ քաղաքականության մեջ հիմարություններ դուրս տվողները անձամբ քաղաքական գործիչներն են, իսկ ժուռնալիստիկայի բնագավառում՝ քաղաքական այրերի կողմից կողմնորոշված զանազան գրչակներ, ԲՈՒՀ-երի նորելուկ շրջանավարտներ, քաղաքական գործիչ դառնալու անհաջող փորձերից փսիխոզ ձեռք բերած հիվանդներ և տարատեսակ այլ գոյացություններ, որոնց ծագումնաբանությունը տակավին կարոտ է նույնիսկ թեթևակի ուսումնասիրության: Մի խոսքով՝ ժուռնալիստիկայի (հայկական) բնագավառում վիճակը տխուր է:

 

Պատկերացնո՞ւմ եք, մեզանում դեռևս կա մի կայք, որ շարունակում է ապրել Լևոն Տեր-Պետրոսյանի՝ մի շատ հայտնի քաղաքագիտական վերլուծության շնչով: Նրանց, ովքեր մոռացել են այդ մասին, հիշեցնենք՝ խոսքը վերաբերում է ՀԱԿ- ԲՀԿ համադաշնության գաղափարին, որ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխում ծագեց մեր օրերի նշանավոր քաղաքական գործիչ Գագիկ Ծառուկյանի մի արտահայտությունից, այն է՝ «Այդ մասին՝ հաջորդ դասին»: Բոլորն են, սակայն, տեղեկացված, որ հաջորդ դաս այդպես էլ չեղավ: Նույն Գագիկ Ծառուկյանը պարզապես մի գեղեցիկ օր հնչեցրեց վերջին զանգը՝ հայտարարելով՝ ԲՀԿ-ն չի կարող (ուշադրություն դարձրեք՝ չի կարող) դառնալ ընդդիմություն: Լևոն Տեր-Պետրոսյանին, ով բոլորից շատ էր հիասթափվել իր իսկ քաղաքագիտական վերլուծությունից, ոչինչ չմնաց անելու, քան ապամոնտաժել ՀԱԿ-ն ու ստեղծել ՀԱԿ-անման մեկ այլ բան, սակայն զերծ ամեն տեսակ ԲՀԿ-ամետ մտքերից:

 

Բայց, ինչպես ասացինք, տակավին կա մի կայք, որ շարունակում է ապրել` Տեր-Պետրոսյանի քաղաքագիտական վերլուծություններից ինքնամոռացության աստիճան ներշնչված, ասել է՝ մոլորության մեջ: Այստեղ թափոնի տեսակարար կշիռը, եթե համեմատելու լինենք վերը բերված վիճակագրական տվյալի հետ, մի քանի անգամ գերազանցում է նորման և անհուսալիորեն գերակշռում մարդկային խոսքին: Պատճառի մասին արդեն խոսեցինք՝ կայքը մնացել է ՀԱԿ-ԲՀԿ անխախտ միասնության օրերում՝ հաջորդ դասին սպասելով: Բայց, բուն պատճառից բացի, թափոնի առատությունն ունի այլ պատճառներ ևս, որոնցից մեկ-երկուսին կանդրադառնանք ստորև:

 

Չարաչար սխալվում են նրանք, ովքեր համոզված են, որ ավանակը աքացի է տալիս առանց մտածելու, իսկ մարդը՝ մտածելով: Եթե մի պահ ընդունենք, որ դա այդպես է, ապա ավանակի հետին վերջույթները միշտ պետք է օդում լինեին, իսկ մարդն էլ պիտի աքացի չտար, որովհետև մտածելու կարողություն ունի: Հետևաբար, շատ ավելի ճշմարտանման է հետևյալ զուգասացությունը՝ ավանակը աքացի է տալիս ինքնապաշտպանության համար, իսկ մարդը՝ սեփական անզորությունից: Նման պարագայում առկա է թե' ինքնապաշտպանության նպատակով և թե' սեփական անզորության զգացումից աքացիներ տալու պաթոլոգիան:

 

Քաղաքական դաշտում ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի կտրուկ շրջադարձերը, փաստորեն, շատ վատ են ազդել այդ «լրատվամիջոցի» աքացիների հաճախականությունն ու ուղղությունը որոշող վառ անհատականությունների վրա: Նրանց  համար մարդիկ և լրատվամիջոցները լինում են երկու տեսակի` կա'մ ՀԱԿ-ա-ԲՀԿ-ական, կա'մ Սերժի հաճախորդ: Երրորդ կամ այլ տարբերակ չի քննարկվում ընդհանրապես: Ի՞նչ անել: Բայց արժե՞ որևէ բան անել քրոնիկ սկլերոտիկների համար, կգնահատե՞ն: Տեսեք՝ ինչպես են մոտենում հարցին: Բոլորը, ովքեր որևէ առնչություն ունեն իշխանության և հատկապես` Սերժ Սարգսյանի հետ, հաճախորդ են, բացի ԲՀԿ-ականներից:

 

Եվ այս անպատկառությամբ հասել են մինչև Վահան Հովհաննիսյանին, ով, ինչպիսի խայտառակություն, չի մերժել Սերժ Սարգսյանի առաջարկը՝ լինել Հայաստանի ներկայացուցիչը Գերմանիայում: Չխոսելով այն մասին, որ դա միգուցե Սերժ Սարգսյանի հազվագյուտ ճիշտ որոշումներից մեկն է, ինչպես նաև այն մասին, որ եվրոպական երկրներում բավականին ցրիվ ապրող հայության համախմբման համար բավականին լավ ընտրություն է կատարվել, ասենք, որ այս իրադարձությունը նրանց քիմքին հաճո չէ այն պատճառով, որ պատկերացում անգամ չունեն, թե ինչ ասել է երկրի դեսպան մեկ այլ երկրում: Բնականաբար՝ հետևել է հերթական աքացին 7-or-ի ոճով, բնականաբար՝ շեղ: Վահանի մասին իրենց գրածից միանգամից պարզ դարձավ, որ ԲՀԿ-ի կեսից շատը, սկսած Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանից, հաճախորդ է: Դեռ ԲՀԿ-ական այն պատգամավորների անուններն էլ չենք տալիս, ովքեր ոչ միայն ուրախ են հաճախել Սերժին, այլև հաճախորդություն անել Գալուստ Սահակյանի մոտ և քվեարկել ոչ թե Նաիրա Զոհրաբյանի հանգույն, այլ ըստ ըստ Գրիգորիչի ցուցումի: Բայց սա ի՞նչ է որ: Ո՞վ չի տեսել այն կադրերը, որ Ծառուկյանը գրկել ու գրկից բաց չէր թողնում վարչապետ Տիգրան Սարգսյանին, ո՞վ չգիտի, որ նախագահ Սարգսյանին գոհարեղեն նվիրելիս Ծառուկյանը դիմում է «նախագա ջան» արտահայտությամբ: 

 

Այս հարստությունը թողած՝ ինչո՞ւ են թիրախ ընտրել Վահան Հովհաննիսյանին, հարցը մենք միտումնավոր բաց կթողնենք, որ հաճախորդներին սպասարկող անձնակազմի, այսինքն` «լրատվամիջոցի»  համար  մի քիչ ուղեղ շարժելու և ռեալ իրականություն վերադառնալու հնարավորություն տանք: Ո՞վ իմանա, գուցե մի բան ստացվի...


Էդիկ Անդրեասյան