կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-11 15:47
Մշակույթ

Յուրի Բաշմետն այս անգամ նույնպես սրտի թրթիռով ելույթ կունենա ՀՀ-ում

Յուրի Բաշմետն այս անգամ նույնպես սրտի թրթիռով ելույթ կունենա ՀՀ-ում

Սեպտեմբերի 12-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում «Երեւանյան հեռանկարներ» փառատոնի շրջանակներում կկայանա «մոլորակի թիվ մեկ ալտահար», Յուրի Բաշմետի եւ «Մոսկվայի մենակատարներ» նվագախմբի համերգը: Բաշմետը Հայաստանում վերջին անգամ եղել է 4 տարի առաջ:

 

Yerkir.am-ի հետ զրույցում փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը նշեց, որ իրենք արդեն հույս չունեին, որ Բաշմետն այս տարի Հայաստան կգա, քանի որ նրա համերգային գրաֆիկը շատ հագեցած է:

 

«Շատ հագեցած եւ փայլուն ծրագիր է սպասվում, եւ կարծում եմ, որ քաղաքի երաժշտական կյանքն այս համերգով էլ ավելի կհարստանա: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Բաշմետը 2003-ին առաջին անգամ եկավ Հայաստան, եւ դրանից հետո փառատոնը միշտ երազել է Բաշմետին մեզ մոտ տեսնել»,- ասաց Հովհաննիսյանը:

 

Տարին հոբելյանական է Բաշմետի համար. այս տարի լրանում է հայտնի երաժշտի 60-րդ տարեդարձը: Հովհաննիսյանը նշեց, որ, հոբելյանի հետ կապված, փառատոնն իր անունից նվեր կմատուցի նրան,  նաեւ հույս ունի, որ մեր իշխանությունների կողմից նույնպես ինչ-որ կերպ կնշվի նրա հոբելյանը:

 

«Բաշմետն այն բացառիկ երաժիշտներից է, ով շատ համեստ է իրեն պահել. նա միշտ աջակցել է Հայաստանին, եղել հայ ժողովրդի մեծ բարեկամը, բայց երբեք դա չի գովազդել: Շատերը չգիտեն, որ Սպիտակի երկրաշարժի տարիներին նա բարեգործական միջոցառումներ է իրականացրել, դրամահավաքներ կազմակերպել»,- ասաց Հովհաննիսյանը եւ հավելեց, որ Բաշմետը պարբերաբար նաեւ հայ կոմպոզիտորների գործերից է կատարում, առանձնահատուկ վերաբերմունք ուներ Էդուարդ Միրզոյանի հանդեպ:

 

Ի դեպ, տարիներ առաջ Բաշմետը հայտարարել էր, որ յուրահատուկ սրտի թրթիռ ունի հայ հանդիսատեսի առջեւ ելույթ ունենալիս, քանի որ դա այն հանդիսատեսն է, որին հնարավոր չէ խաբել: