կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-08-10 21:37
Հասարակություն

Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը հակադարձում է Մայր Աթոռին

Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը հակադարձում է Մայր Աթոռին

Հայ առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը հաղորդագրություն է տարածել, որում խնդրում է հիմնավորել  իր կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հասցեին արված «անհիմն գնահատականների» մասին հուլիսի 30-31-ին Էջմիածնում տեղի ունեցած Գերագույն խորհրդից հետո հրապարակված հաղորդագրությունումնշված տողերը: Նամակում մասնավորապես ասված է.

 

«Յուլիս 30-31-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի մէջ Գերագոյն Խորհուրդի ժողովէն ետք հրապարակուած հաղորդագրութիւնը կարդացինք: Այնտեղ գրուած էր ի միջի այլոց մեր հասցէին ուղղուած հետեւեալ տողերը.

 

«Գերագոյն Հոգեւոր Խորհուրդը նաեւ ափսոսանք յայտնեց հրաժարականում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հասցէին ուղղուած անհիմն գնահատականների առնչութեամբ»:

 

Վերոյիշեալ ժողովին ընթերցուելու խնդրանօք մենք 4 էջնոց բացատրողագիր մը ղրկած էինք «անհիմն գնահատականների» առնչութեամբ: Այդ մասին հաղորդագրութիւնը ոչ մէկ նշում չէր կատարած: Եթէ «անհիմն» որակուած էր բացատրողագիրն ալ, կը խնդրենք Գերագոյն Հոգեւոր Խորհուրդի գերաշնորհ եւ պատուարժան անդամներէն, որ բարի ըլլան հիմնաւորել մեր «անհիմն գնահատականները»: Այլապէս կը հաստատենք թէ եկեղեցականի մեր արժանապատուութիւնը անգամ մը եւս վիրաւորուած է»:

 

Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը ավելի վաղ ևս մեկ նամակ էր հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին, որով նա հայտնել էր իր հրաժարականի մասին: Նամակը հրապարակվել էր ֆրանսիական Nouvelles d’Arménie ամսագրում, որը պարբերականին փոխանցել  էին անհայտ մնալ ցանկացող աղբյուրներ:

 

«Արդեն որոշ ժամանակ է, ինչ ես նկատում եմ, որ Ձեզ հաճույք է պատճառում ինձ նվաստացնելն  ու վարկաբեկելը: Իմ հասցեին Ձեր որակումները պարզապես հարուցում են իմ զարմանքը: Հավանաբար, Դուք չեք նկատում, որ ոտնատակ եք անում մարդկանց արժանապատվությունը:

 

Վերջինը 2013թ. հունիսի 29-ի դեպքն էր: Շառլ դը Գոլի օդանավակայանում, Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, դեսպան Վիգեն Չիթեչյանի, հոգեւոր եւ աշխարհիկ այլ անձանց ներկայությամբ Դուք ինձ վրա հարձակվեցիք հետեւյալ խոսքերով, որոնք սարսափ առաջացրեցին ինձ մոտ. «Եթե հայր Վաչե Հայապետյանին մինչեւ հուլիսի 1-ը պահակության պարտականությունեց  չազատես եւ եթե թեմը նրան չվճարի ամենամսյա աշխատավարձը, ապա անելիք չունես էջմիածնում»: Մի պահ ինձ կորցնելով, ես փորձերի ստուգել լսածս եւ Դուք կրկնեցիք:  Նախորդ օրը ես արդեն շոկի մեջ էի Ձեր խոսքերից. «Հայր Վաչեի պարեգոտը իմ պատիվն է, եւ այն պետք է լինի նաեւ քո պատիվը եւ յուրաքանչյուր հայ հոգեւորականի պատիվը»:

 

Ձերդ Սրբություն,  ես ոչ ժամանակ, ոչ տրամադրվածություն ունեմ կառավարել անկառավարելի հոգեւոր սպասավորներին,  որոնք դաստիարակված են բիզնեսի հոգեբանությամբ: Եթե Հայ առաքելական եկեղեցու բարեկեցությունը ընդամենը հրահանգ է կամ կանոնադրություն, եթե նրա նպատակը միայն վարչական կարգուկանոնի ապահովումն է,  ապա Աթոռանիստ վանքում  բացակայում է  սերն ու երանությունը: Կցանկանայի, որ մեր Սուրբ եկեղեցին չշեղվի իր առաքելության բովանդակությունից»:

 

աղբյուրը` http://civilnet.am/