Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լրատվադաշտը աղբանոցի է նմանվում արդեն: Ամեն ինչից լուր պեղելն ու ամեն բանի տակ սենսացիա փնտրելը ծայրահեղ իրավիճակների է հասցրել: Քննադատում են ինչ կարող են, մսխում են խելամտության վերջին պաշարները, սթափ դատողության փոխարեն տուրք են տալիս ցինիկաբարո գրառումների ու պատի տակի խոսակցություններն ու չհասկացած ամեն բան հրամցնում ընթերցողին՝ ձեւավորելով խեղաթյուրված հասարակական կարծիք:
Երգչուհի Շուշան Պետրոսյանը նկարվել է Ստեփանակերտում, նկարը տեղադրել ֆեյսբուքյան իր էջում, իսկ Google որոնողական համակարգում Ստեփանակերտը գրանցված է որպես Խանքենդի, ինչն էլ դարձել է պատճառ, որ Շուշանի Ստեփանակերտ գրառման կողքին հայտնվի նաեւ Խանքենդի անունը: Մերոնք միանգամից սկսեցին հարձակվել՝ վայ, Շուշա'ն, էս ի՞նչ արիր: Ու հանկարծ «պարզվեց», որ նա միշտ էլ այդպիսին է եղել: «Հեղինակավոր» որոշ կայքեր էլ սկսեցին հարձակվել Շուշանի վրա: Լուր էր` սենսացիոն:
Շուշան Պետրոսյանն աչքիս լույսը չէ, ավելին` ես նրան պատգամավոր չեմ համարում, այլ երգչուհի, քանի որ նրա պատգամավորական կեցվածքը ինձ կստիպի նրան չսիրե՛լ որպես երգչուհի: Չեմ խորանում: Բայց հայրենասեր երգչուհուն մեղադրել այն բանում, որում մեղք չունի, արդարացի չէ: Պետք է ոչ թե բողոքել ընդդեմ Շուշան Պետրոսյանի, այլ Google-ի, նամակներ հղել ու պարտադրել, ի վերջո, Ստեփանակերտը գրել Ստեփանակերտ:
Երեկ տեղեկատվություն տարածվեց, թե «Օտար, ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարի հեղինակ եւ պրոդյուսեր Ռաֆայել Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում նախ` ՌԴ-ում խոշոր վթարի մասնակից Հրաչ Հարությունյանին էր անդրադարձել՝ գրելով, թե նրա նմանները որքան շատ գնան Հայաստանից Ռուսաստան, այդքան մեր երկրին լավ, տրանսպորտի գնի թանգացման վերաբերյալ էլ իբրեւ ասել էր. «Մարդ եթե 150 դրամ չունի տրանսպորտ նստի, բա էլ ինքն ո՞ւմ ա պետք»: Կրկին որոշ «հեղինակավոր» կայքեր տեղադրեցին «սենսացիան», սկսվեց հայհոյանքների հերթական շքերթը, մինչեւ պարզվեց, որ ինչ-որ մեկն է օյինբազություն անում Ռաֆայելի անունից: Նույն կայքերը չհերքեցին «սենսացիան»:
Ոմանց ձեռնտու է պարապ ժամանակ ինտրիգ փնտրել ու վարկաբեկել՝ ըստ ցուցումի: Նույն կերպ վարկաբեկում են նաեւ այն կայքերին, որոնք իրենց պարտադրած խաղի կանոններով չեն շարժվում: Չնայած տարօրինակ է, թե ինչպես է բացվում կեղծ էջը եւ միանգամից հայտնվում մամուլի ուշադրության կենտրոնում, այն դեպքում, երբ ընկերներ գրեթե չունի եւ ընկերանալու հայտ չի ներկայացրել:
Yerkir.am-ը Հրաչյա Հարությունյանի վերաբերյալ արդարադատության նախարարության խուճուճ գրառումը տեղադրել էր՝ հաղորդագրությանը համապատասխան վերնագրով, որը բոլորովին սխալ չէր: Ոմն բլոգեր Տիգրան Քոչարյան էլ լուրի վերնագրի մեջ էր սենսացիա փնտրել ու փորձում էր նույն ֆեյսբուքում «ՀակաԵՐԿԻՐական» տեսակետ ձեւավորել: Սա եւս ձեւ է վարկաբեկելու, ինչպես որ վարկաբեկում են մյուսներին: Հասկանում ենք` ինչը որտեղից է սկսում եւ ուր է տանում միտքը, միամիտ չենք: Պարզապես այսօր որոշ գրչակների կողմից պղտորվում է դաշտը, իրար են խառնվել թացն ու չորը: Մարդն այլեւս արժեք չունի, զի հնարավոր է մեկ հարվածով տապալել՝ բազմաթիվ մարդկային ու անմարդկային մեղքերի մեջ հանիրավի մեղադրելով: Խնդիրը մեկ բանի մեջ է՝ լրատվադաշտում եւ սոցիալական ցանցերում հայտնվել են անգրագիտության դրոշակակիրներ, որոնք նստած են «copy-past»-ի վրա, հորինում ու տարածում են՝ ըստ ցուցումի, եւ քանի որ տգիտությունը համատարած է, «խոշոր» կայքերն էլ «վերաքոփի» են անում, ու մի ապուշություն հայտնվում է բազմաթիվ կայքերում:
Դե հիմա թող 10000 անգամ Շուշան Պետրոսյանն ու Ռաֆայել Հովհաննիսանը հերքեն, ասեն, թե իրենք չեն եղել, թե իրենք ուրիշ բան էին ուզում անել, մեկ է՝ տպավորություն է, որ արդեն ձեւավորվել է՝ ըստ անհրաժեշտության: Մնում է հուսալ եւ երազել, որ մի օր նրանք, ովքեր լրատվադաշտը հասցրեցին այս վիճակին, իրենք կդառնան իրենց իսկ ստեղծած եւ պարտադրած քաղաքականության զոհը: Շուշանն էլ, որպես Հանրապետական կուսակցության կարկառուն ներկայացուցիչ, հետեւություններ կանի, քանզի ինքն արդեն հայտնվեց իր համախոհների կողմից հյուսված մանիպուլյացիայի սարդոստայնում:
Սեւակ ՀԱԿՈԲՅԱՆ